loader
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է. Ռուբեն Ռուբինյան

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 31-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին և աշխարհաքաղաքական գիտությունների դոկտոր Ֆրեդերիկ Էնսելին:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ խորհրդարանական համագործակցությունը միջազգային փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ կլինի ավելի պարբերական և արդյունավետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին և աշխարհաքաղաքական մի շարք իրադարձությունների:

Մասնավորապես, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է: Նա կարևորել է հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ Արցախի ժողովրդի կամարտահայտման իրավունքի համատեքստում:

Ռուբեն Ռուբինյանը կարևորել է բանակցային գործընթացում կառուցողական մթնոլորտի առկայությունը, անթույլատրելի համարել պետական մակարդակում ատելության խոսքի կիրառումը՝ որպես սպառնալիք հակամարտության խաղաղ կարգավորման կառուցողական գործընթացին:

Կողմերն անդրադարձել են նաև հետհեղափոխական շրջանում Հայաստանի որդեգրած բարեփոխումների քաղաքականությանը: Այս համատեքստում կարևորվել է արդար ընտրությունների անցկացումը՝ որպես ժողովրդավարության ուղղությամբ ձեռնարկված կարևոր քայլ: Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Կառավարությունը վճռական է տնտեսական հեղափոխության, ժողովրդավարական, դատական բարեփոխումների իրականացման հարցում:

Անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին. կարևորվել է միջազգային ասպարեզում Հայաստանի՝ ցեղասպանությունների կանխարգելման գործում կարևոր դերակատարությունը:

Քննարկվել են նաև արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանն այս առնչությամբ նշել է, որ հանձնաժողովը հանձնառու է լինել խորհրդարանական դիվանագիտության համակարգող օղակ:

Կողմերը կարևորել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև առավել սերտ հարաբերությունների խթանումը, ինչպես նաև համագործակցությունը միջազգային կառույցներում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս