loader
Գյուղնախարարությունում տեղի է ունեցել քննարկում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ  պայքարի իրազեկման արշավի շրջանակում

Գյուղնախարարությունում տեղի է ունեցել քննարկում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի իրազեկման արշավի շրջանակում

Հակամանրէային դեղերի ճիշտ օգտագործման և դրանց նկատմամբ կայունության դեմ աշխարհում իրականացվող պայքարի իրազեկման մեկշաբաթյա արշավի շրջանակում ՀՀ գյուղատնտեսությաննախարարությունում այսօր կազմակերպվել էր հանդիպում-քննարկում ֆերմերների, անասնաբույժների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտնականների, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀառողջապահության նախարարությունների, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ։  Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, որը ողջունելով մասնակիցներին՝ նշել է, որ քարոզարշավի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը հակաբիոտիկների պատշաճ օգտագործման ուղղությամբ և պահպանել դրանց ազդեցության արդյունավետությունը՝ հաշվի առնելով ԱՀԿ-ի գնահատականները, որոնք փաստում են, որ համապատասխան միջոցառումներ չիրականացնելու դեպքում մինչև 2050 թվականն աշխարհում կգրանցվի մոտ 10 մլն մահվան դեպք՝ պայմանավորված դեղակայուն վարակներով։
«Կարևորելով այս խնդիրը՝ 2015 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությունը, որի շրջանակումՀՀ գյուղատնտեսության նախարարությունն արդեն իսկ նախաձեռնել է կերային հավելումների մեջ հակաբիոտիկների կիրառումը կարգավորող օրենսդրության մշակման աշխատանքների իրականացումը»,- հավելել է Տիգրան Գաբրիելյանը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Աշխեն Շիրվանյանն իր հերթին հավելել է, որ հակաբիոտիկների ճիշտ կիրառման ուղղությամբ պայքարը ոչ միայն առողջապահության, այլև գյուղատնտեսության ոլորտի կարևորագույն հիմնախնդիրներից է, քանի որ հակաբիոտիկների մի ստվար զանգված՝ ընդհանուրի շուրջ 50 տոկոսը, մարդուն անցնում է սննդի շղթայի միջոցով՝ անասնաբուծության մեջ կիրառվող կերային հավելումներից։ 

Աշխեն Շիրվանյանը նշել է, որ քննարկումների արդյունքում որոշվել է օրենսդրորեն ամրագրել, որ դեղային կերերի և հակաբիոտիկների կիրառմամբ կերային հավելումների օգտագործումը թույլատրվի միայն բուժական նպատակներով, ինչպես նաև սահմանել վերահսկողություն այդ պահանջների կիրառման նկատմամբ։ 

Զեկույցներով հանդես եկան նաև ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջապահության բաժնի ղեկավար Քրիստինե Գյուրջյանը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսությանկազմակերպության ազգային փորձագետ Մերուժան Զադայանը և այլ բանախոսներ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս