loader
Հայկ Մարության. Մինչև վերջ պահանջելու եմ, որ քրեական գործ հարուցվի հավանական հանցագործությունը բացահայտելու համար

Հայկ Մարության. Մինչև վերջ պահանջելու եմ, որ քրեական գործ հարուցվի հավանական հանցագործությունը բացահայտելու համար

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Ռոբերտ Դարբինյանին: 

Ինչպես հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայկ Մարությանը վստահեցրել է՝ Երևանի քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը կանգնած են ոլորտը կանոնակարգող բոլոր պատասխանատուների կողքին:

«Եթե ապօրինի շինարարություն է և փաստաթուղթ չունի, միանգամից պետք է դադարեցվի՝ առանց բանակցությունների, խնդրանքների կամ ծանոթությունների: Ով էլ ձեզ ասի՝ ես կզանգեմ, կասեմ քաղաքապետին կամ գլխավոր ճարտարապետին, չկա՛ այդպիսի բան, այդպիսի մարդ գոյություն չունի, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, որ կզանգահարի ինձ և կասի՝ այս ապօրինի շինարարությունը թող լինի: Ես ձեզ վստահեցնում եմ: Ով այդպիսի բան ասի, իմացեք, որ ստում է: Ուզում եմ, որ դուք դրանով լինեք ուժեղ, լինեք վստահ, որ ձեր թիկունքում ոչ մի գործ չի արվելու, պայմանավորվածություններ ձեռք չեն բերվելու ապօրինի շինարարություն իրականացնողների հետ: Մենք ձեր մեջքին կանգնած ենք, գնացեք առաջ»,- ասել է քաղաքապետը:

Քաղաքապետը տեղեկացրել է նաև, որ ոլորտն այսուհետև ամբողջովին համակարգելու է Երևանի գլխավոր ճարտարապետը: Վարչության աշխատակիցներից  քաղաքապետի պահանջը հստակ է. պետք է նոր որակ հաղորդել աշխատանքներին ու արագորեն արձագանքել ցանկացած ապօրինության, կանխել այն: Դրան զուգահեռ մայրաքաղաքում պարզեցվելու և հեշտացվելու է շինթույլտվության գործընթացը:

«Մենք կառուցում ենք նորմալ քաղաք, ձևավորում ենք նորմալ հասարակություն և պետություն: Մեր քաղաքի զարգացումն ու կառուցապատումը պետք է լինի միայն օրինական, միևնույն ժամանակ մարդկանց կարող եք իրազեկել, որ մենք շատ դյուրացնելու ենք օրինական ճանապարհով շինարարություն կատարելը»,-նշել է քաղաքապետը: 

Կարևորելով վարչության անխափան աշխատանքը՝ Հայկ Մարությանը նշել է, որ  այն պետք է քաղաքապետարանի մյուս կառույցների հետ միասին պաշտպանի մայրաքաղաքի՝ միլիոնից ավելի բնակչության շահերը:

«Եթե մի քանի հոգի փորձում են մեր քաղաքացիների իրավունքները խախտել, դուք հենց այն վարչությունն եք, որը թույլ չի տալու»,- նշել է Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 1/3 հասցեում կասեցված առերևույթ ապօրինի շինարարությանը:

«Մինչև վերջ պահանջելու եմ, որ քննություն իրականացվի այս հարցով և քրեական գործ հարուցվի հավանական հանցագործությունը բացահայտելու համար: Բոլոր հնարավոր դեպքերում, որքանով մեզ օրենքը թույլ է տալիս, պետք է այդ մարդուն պատժենք»,- ընդգծել է քաղաքապետը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս