loader
Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին

Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին

Ֆրանսիացի երգչուհի, աշխարհի լավագույն Էսմերալդա Հելեն Սեգարան անհամբեր սպասում է երևանյան ելույթին:

Հիշեցնենք, որ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ համերգ կանցկացվի, որին հանդես կգա նաև հայկական արմատներով երգչուհին:

Մինչ Հայաստան ժամանելը Հելեն Սեգարան հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես, նշված է. «Ողջունում եմ իմ բոլոր հայ ընկերներին: Ցանկանում եմ ասել, որ շուտով գալու եմ Հայաստան, մայիսի 26-ին մեծանուն Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին: Մինչ հանդիպում: Ուղարկում եմ համբույրներ»:

Տեղեկացնենք, որ բացի Սեգարայից «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Այս մեծամասշտաբ միջոցառումն իրականացնում են ArmCenter ընկերությունը, Աննա Կարոլինա պրոդաքշնը և Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը:

Հելեն Սեգարան ծնվել է 1971թ., Ֆրանսիայի հարավ-արևելքի Վար արվարձանում: Հայրը իտալացի է, մայրը` հայ: 15 տարեկանում թողել է ուսումը և շարունակել երգել ֆրանսիական ակումբներում, ռեստորաններում: 1993թ. թողարկել է առաջին «Լոին» ձայնասկավառակը, որը հաջողություն չի ունեցել: 1996թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է պրոդյուսեր Օրլանդո Ջիլիոտտիի հետ, ով դարձել է նրա պրոդյուսերը: Նոր «Je vous aime adieu» սինգլը նրան հաջողություն է բերել և արժանացրել մի շարք մրցանակների: Այդ և մի քանի այլ երգեր տեղ են գտել նրա 1999 թ. թողարկած «Ապակե սիրտ» ձայնասկավառակում, որի երգերից մեկում հանդես է եկել Անդրեա Բոչելլիի հետ: Ձայերիզը վաճառվել է ավելի քան 600 հազար օրինակով: 1997թ. նրան մեծ հաջողություն և փառք է բերել Էսմերալդայի դերը «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որից հետո երգել է «Անաստասիա» մուլտֆիլմի երգը: 1999թ. ստիպված է եղել լքել մյուզիքլը` Քվեբեքում շրջագայության ընթացքում ձայնի կորուստի պատճառով: Ձայնի վերականգնումից հետո թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ և շուրջ 25 սինգլ: Նրա երգերը տարբեր տարիների գլխավորել են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի երաժշտական հիթ-շքերթները: 2000թ. արժանացել է «Victoires de la Musique» («Տարվա արտիստ») և NRJ «Տարվա ֆրանսալեզու բացահայտում» մրցանակներին: 2006թ. թողարկել է «Quand l'éternité» ձայնասկավառակը, որն իր ոճով տարբերվում է մյուսներից ռոք երաժշտությամբ և երգչուհու խոսքերով: 2011թ. ձայնագրել է հայկական «Դլե յաման» երգը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս