loader
Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին

Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին

Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին՝ գլխավորությամբ միության նախագահ Մուրադ Աքյուզի և ուղեկցությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի և Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի: 

Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը, Նորին Սրբությանը ներկայացնելով միության անդամներին և նրանց բարեսիրական գործունեությունը, հայցել է Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը:

Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսն արձանագրել է միության ակտիվ մասնակցությունն ու ներդրումը Գերմանիայի հայ համայնքի ազգային-հոգևոր կյանքի զորացման գործում:

Վեհափառ Հայրապետը փաստել է միության կողմից Մայր Աթոռին ցուցաբերվող զորակցությունը, ինչպես նաև շարունակական աջակցությունը Գևորգյան ճեմարանին և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին:  Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքն է հայտնել միության նախագահին և անդամներին Հայաստանում և Արցախում իրականացվող սոցիալական և կրթական բարեգործական ծրագրերի համար:

Գերմանահայ գործարարները, Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանգամանորեն ներկայացնելով իրենց ծրագրերը, հավաստիացրել են, որ մշտապես կանգնած են լինելու Մայր Աթոռի, Հայրենիքի և հայ ժողովրդի կողքին:

Վերջում Նորին Սրբությունը հյուրերին մաղթել է Աստծո օգնականությունն ու պահպանությունը իրենց աստվածահաճո առաքելության իրականացման գործում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս