loader
Կֆինանսավորվեն խաղողի կադաստրի ստեղծման աշխատանքները

Կֆինանսավորվեն խաղողի կադաստրի ստեղծման աշխատանքները

 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը՝ խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի նախագահությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նիստի սկզբում Գեղամ Գևորգյանը ողջունել է խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամներին՝ նրանց մաղթելով արդյունավետ աշխատանք և համառոտ ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը։ Այնուհետև խորհուրդն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը։ Մասնավորապես օրակարգի առաջին հարցով հաստատվել է նախարարի տեղակալի պաշտոնակատար Արտակ Քամալյանին խորհրդի քարտուղար նշանակելու վերաբերյալ առաջարկությունը։ 

ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը ներկայացրել է Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման 1, 8 մլն դոլար արժողությամբ ճապոնական դրամաշնորհային ծրագիրը։ Նա նշել է, որ առաջիկայում տեղի կունենա միջազգային խորհրդատուների ընտրությունը և կտրվի ծրագրի մեկնարկը, որի նպատակն է տվյալների վրա հիմնված քաղաքականության մշակման համար անհրաժեշտ կարողությունների զարգացումն ու ներդրումը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում։ Ծրագրի շրջանակում կֆինանսավորվեն նաև խաղողի կադաստրի ստեղծման աշխատանքները։ 

Անդրադարձ է կատարվել նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (CARMAC II) ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքներին և առկա խնդիրներին, մասնավորապես «Համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգեր» բաղադրիչի ներքո ընտրված համայնքների կողմից աշխատանքների համաֆինանսավորմանը վերաբերող խնդիրների լուծման ուղիներին՝ շեշտադրելով այդ հարցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ առավել արդյունավետ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։ 

Քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված մի շարք այլ հարցեր ևս։ 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս