loader
ՔԿԾ պետը անդրադարձել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարցերին

ՔԿԾ պետը անդրադարձել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարցերին

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Միջազգային բանտային բարեփոխումներ» միջազգային հասարակական կազմակերպության Կենտրոնական Ասիայի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ընդունել է Տաջիկստանի Հանրապետության պատվիրակությանը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ պատվիրակության կազմում էին Տաջիկստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի քաղաքական և քաղաքացիական իրավունքների պետական պաշտպանության վարչության պետի տեղակալը, Արդարադատության նախարարության քրեական պատիժների կատարման գլխավոր վարչության պետի տեղակալը, դատախազության՝ ազատությունից զրկման վայրերում օրինականության նկատմամբ վերահսկողության հատուկ բաժնի պետը, քաղաքացիական հասարակության մոնիթորինգային խմբի ղեկավարը, «Մարդու իրավունքների և օրենքի գերակայության բյուրո» ՀԿ տնօրենի տեղակալը:

Ողջունելով հյուրերին՝ Ա. Մխոյանը նշել է, որ բարձր է գնահատում նման հանդիպումները, որոնք համագործակցության և փորձի փոխանակման լայն հնարավորություն են ընձեռում:

Հանդիպման նպատակներից էր ծանոթանալ և ուսումնասիրել ՀՀ քրեակատարողական համակարգում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքային ընթացքին, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցության առանձնահատկություններին, ձեռքբերումներին:

Ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մ. Միքայելյանը նշել է, որ Քրեակատարողական ծառայությունը սերտ համագործակցում է բոլոր կառույցների հետ, առանց խոչընդոտների և սահմանափակումների քննարկվում է յուրաքանչյուր հարց՝ համակարգի առջև դրված խնդիրների համատեղ և արդյունավետ լուծման համար: 

Պատվիրակության ներկայացուցիչներին առանձնապես հետաքրքրում էին ազատազրկված անձանց բժշկական սպասարկմանը, զբաղվածությանը, տեսազանգի հնարավորությանը, ուղղիչ հիմնարկների տեսակների առանձնահատկություններին վերաբերող հարցերը:

Նրանց ուշադրության կենտրոնում էր հատկապես պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի արդյունավետությունը ՀՀ-ում, որի շրջանակներում քննարկվել են նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարցերը:    

Ծառայության պետ Ա. Մխոյանը, ներկայացնելով Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը, շեշտել է, որ օրերս ցմահ դատապարտյալներից մեկը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, ինչը նախադեպ է ՀՀ համար, իսկ առաջիկայում սպասվում է նաև համաներում:

Հանդիպման ավարտին Տաջիկստանի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Ծառայությանը նվիրել իրենց երկիրը ներկայացնող պատկերագիրք:

Պատվիրակության անդամները դիմել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այց կատարելու խնդրանքով, ինչին Ա. Մխոյանն արձագանքել է դրական:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս