loader
Քոչարյանը աննախանձելի հոգեվիճակում և իրավիճակում է գտնվում. Հարութ Ուլոյան

Քոչարյանը աննախանձելի հոգեվիճակում և իրավիճակում է գտնվում. Հարութ Ուլոյան

Հարութ Ուլոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Լսում ես մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի 24news-ին տված հարցազրույցն ու հասկանում, թե ինչ աննախանձելի հոգեվիճակում և իրավիճակում է գտնվում Քոչարյանը: Բացի նրանից, որ Սողոմոնյանի կողմից արտահայտվող մտքերը հասարակությանը մանիպուլացնելու նպատակ են հետապնդում, դրանք այն աստիճանի չեն համապատասխանում իրականությանը, որ դրանց հեղինակը պարբերաբար ակամա հայտնվում է հակասությունների մեջ` ի ցույց դնելով Քոչարյանի պաշտպանական թևի արգումենտացիաների ողջ սնանկությունը:

1. Խոսելով Քոչարյանի դեմ հարցուցված քրեական գործից, Սողոմոնյանը նախ հերթական անգամ կրկնում է այն միտքը, թե իբր «Մինչ օրս ՀՔԾ-ն չի կարողացել բացատրել, թե ինչ ճանապարհով է Ռոբերտ Քոչարյանը, իբր, տապալել սահմանադրական կարգը և ինչ հանցանք է կատարել», ապա «անհեթեթություն» որակելով հարուցված գործը, հավելում է` «Մի կողմից փորձ է արվում ապացուցված բաներ ապացուցել, ասվում է` էդ օրը Բանակը եղել է փողոցներում: Դա մենք էլ գիրտեինք, որ Բանակը եղել է փողոցներում և, այո, իրականացրել է «հատուկ դրության» ռեժիմի մի մասը: Մյուս կողմից` Քոչարյանը սահմանադրական կարգը տապալել է, որովհետև «Արտակարգ դրության ռեժիմի մասին» հրամանագիր է ստորագրել»: Բացի այս, քիչ անց Սողոմոնյանն արդեն մանիպուլյացիոն էժանագին կեղծիք է հայտարարում, պնդելով թե ««Արտակարգ դրության» ժամանակ, դա օրենքով սահմանված է, հենց էսօր գործող «Արտակարգ դրության մասին» օրենքը սահմանում է, որ ԶՈՒ-ը կարող են օգտագործվել «Արտակարգ դրության» ժամանակ»:

Նախ, մի կողմից, ինչպես հայտնի է` Բանակը 0038 գաղտնի հրամանի հիման վրա է ներգրավվել ներքաղաքական զարգացումներում` «Արտակարգ դրություն» սահմանելուց մեկ շաբաթ առաջ, իսկ մյուս կողմից` այդ ժամանակ «Արտակարգ դրություն» սահմանելու մասին օրենք Հայաստանում չի եղել, այնինչ ըստ այդ ժամանակ գործող Սահմանադրության` «Արտակարգ դրության» ռեժիմը պետք է սահմանված լիներ օրենքով, ինչն էլ ինքնին ենթադրում է, որ Քոչարյանի կողմից սահմանված «Արտակարգ դրությունը» եղել է ապօրինի: Հայաստանում «Արտակարգ դրության ռեժիմ հաստատելու մասին» օրենքն ընդունվել է 2008 թվականի Մարտի 1-ից 4 տարի անց` 2012 թ.-ին: Ըստ այդմ` թե Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Բանակի կողմից իրականացված գործողությունները, թե առհասարակ 0038 հրամանը եղել են ապօրինի և կյանքի են կոչվել սահմանադրական կարգը երաշխավորողի կողմից` սահմանադարական կարգի տապալման արդյունքում: Եթե այս ամենին ավելացնենք նաև վերջին ամսիների այն բացահայտումները, ըստ որոնց` փետրվարի 23-ից մինչև մարտի 8-ը Բանակի զինվորներին բաժանվել են գումարներ` պաշտպանելու իշխանությունների ունեցվածքը; Բանակի զինծառայողները կրակել են շենքերի ուղղությամբ; 1000 պարկուճներ փոխարինվել են ներքին զորքերի հրազեններից կրակված պարկուճներով, ապա Քոչարյանի կողմից սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունների պատկերն ավելի լիակատար կդառնա:

Եվ, ահա, Քոչարանն ու իր պաշտպանական թիմը «պադոշի դեմքով» արդեն կես տարի է մի կողմից հայտարարում են, թե մինչև հիմա իրենք չեն հասկացել, թե ինչում են մեղադրում Քոչարյանին, իսկ մյուս կողմից պնդում են, թե իբր Բանակը ներգրավվելու հնարավորությունն «օրենքով սահմանված է» եղել: Ըստ էության` Քոչարյանն ու իր պաշտպանական թիմը հասրակությանը կամ միամիտի, կամ տգետի տեղ են դրել:

2. Անդրադառնալով Արցախի հարցին, Սողոմոնյանը հայտարարում է հետևյալը` «Նիկոլ Փաշինյանը տառացիորեն կրկնում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջ քաշված դրույթը. «Ղարաբաղը պետք է ինքը բանակցի, Հայաստանը չպիտի բանակցի Ղարաբաղի փոխարեն»: Ղարաբաղը չճանաչված պետություն է: Ստացվում է` Ղարաբաղին դեմ հանդիման են թողնում և Ադրբեջանի, և Թուրքիայի, և միջնորդների առաջարկների հետ»:

«Արցախը պետք է բանակցի իր փոխարեն, Հայաստանը` իր» մոտեցումը մանիպուլյատիվ կերպով շարունակելով ներկայացնել որպես «բանակցություններում Արցախին միայնակ թողնել», Քոչարյանն ու իր թիմակիցները չեն էլ գիտակցում, որ, ըստ էության, մերժելով Արցախի ինքնուրույն տեսակետ հայտնելու իրավունքը, դրանով ինքնըստինքյան մերժվում է նաև Արցախը բանակցություններում որպես լիիրավ կողմ ներկայանալու գաղափարը: Այս առումով ուշագրավը, սակայն, այն է, որ Սողոմոնյանը խոսելով բանակցությունների իրենց պատկերացրած ձրաչափի մասին, բառացիորեն հայտարարում է հետևյալը` «Կոնֆլիկտի բուն էությունը կարտահայտվի բանակցային սեղանին միայն այն ժամանակ, երբ բանակցեն ԼՂ-ն և Ադրբեջանը` երկուսով, առանց Հայաստանի: Սա է կոնֆլիկտի էությունը»: Այսինքն` մի կողմից մերժելով «Արցախը պետք է բանակցի իր փոխարեն, Հայաստանը` իր» մոտեցումը, քոչարյանականները մյուս կողմից պնդում են, որ «կոնֆլիկտի էությունը» Արցախի և Ադրբեջանի երկկողմանի բանակցություններն են` առանց Հայաստանի: Մի կողմ թողնելով եռակողմ-երկկողմ բանակցությունների առավելությունները կամ թերություններն, մի կողմ թողնելով նման տեսակետի շրջանառման խայտառակագույն շարժառիթները, ընդամենը մի պարզ հարց հնչեցնենք. եթե «Արցախը պետք է բանակցի իր փոխարեն, Հայաստանը` իր» մոտեցումը նշանակում է Արցախին «միայնակ թողնել», ապա երկկողմ բանակցությունների ժամանակ Արցախն ինքնըստինքյան «միայնակ» չի մնալո՞ւ:

3. Շարունակելով Արցախի հարցի թեման, Սողոմոնյանը հարցապնդում է հնչեցնում` «Դուք հիշո՞ւմ եք որևէ դեպք, երբ Ղարաբաղը մասնակցել է բանակցություններին և կարգավորում է քննարկել: Չի եղել նման բան պատմության մեջ: Ղարաբաղը երբեք վետոյի իրավունք չի ունեցել»:

Քոչարյանի մամուլի խոսնակը, իբր, տեղյակ չի, որ թե Արցախյան պատերազմը դադարեցնելու բանակցությունների ընթացքը, թե զինադադար կնքելու պայմանագրի վավերացումը տեղի են ունեցել եռակողմ ձևաչափով: 1997 թ.-ին Մինսկի խմբի կողմից ներկայացված «Փաթեթեային» և «Փուլային» տարբերակները մերժել է հենց արցախյան կողմը և, ընդհակառակը, ընդունել 1998 թ.-ին առաջարկված «Ընդհանուր պետություն» տարբերակը: Ավելին, 1994-95թթ.-ին ԵԽԽՎ-ի կողմից Արցախը հաստատվել է որպես հակամարտության և բանակցությունների լիիրավ կողմ, Արցախի ներկայացուցիչները այդ ժամանակահատվածում մասնակցել են տարբեր ձևաչափերով պաշտոնական բանակցությունների: Մինսկի համանախագահ երկրիների ներկայացուցիչները, մասնավորապես ՌԴ նախագահ Բորիս Ելցինը բազմիցս նման հանդիպումներ է կազմակերպել և հայտարարություններ է ուղղել թե Հայաստանի, թե Ադրբեջանի և թե Արցախի իշխանություններին, այդ թվում` նույն Ռոբերտ Քոչարյանին` որպես Արցախի իշխանությունների ներկայացուցչի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս