loader
Օրինագիծը ներկայացնելիս արվել են ապակողմնորոշող հայտարարություններ. Գառնիկ Վաղարշակյան

Օրինագիծը ներկայացնելիս արվել են ապակողմնորոշող հայտարարություններ. Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է.

«ՀՀ Ազգային Ժողովում օրինագծերի անմշակ ներկայացումը և հապշտապ ընդունումը մշտապես թողել է իր բացասական հետևանքները..., որոնց պտուղներն առօրյա կյանքում քաղում է ազգաբնակչությունը:

Օրերս առաջին ընթերցմամբ ընդունվեց «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նախաձեռնողը ԲՀԿ ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանն էր: Ի դեպ, նա ժամանակին կարճ ժամանակ եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար և, բնականաբար, առավել քաջատեղյակ ու նրբանկատ պետք է լիներ նման օրինագիծ պատրաստելիս, մշակելիս և ներկայացնելիս:

Ինչ խոսք, ԱԺ-ում նման ցայտնոտի և շտապողականության պարագայում, հավանաբար, «Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում» չեն կարողացել առավել ուշադիր քննարկել վերը հիշատակված օրինագծի խութերը և արհմիությունների անկախության հիմնահարցերը: Բոլոր դեպքերում նկատելի է, որ պատգամավորների ուշադրությունն այլ տեղում է եղել…:

Արդյունքում՝ օրինագիծը ներկայացնելիս արվել են ապակողմնորոշող հայտարարություններ, իբր թե գործատուն է ֆինանսավորում արհմիություններին: Դժվար է Հայաստանում գտնել արհմիութենական կազմակերպություններին ֆինանսավորող մեկ կամ երկու գործատու: Եթե նույնիսկ գործատուն կազմակերպության աշխատողների համար կազմակերպում է այս կամ այն միջոցառումները, դա ամենևին չի նշանակում, որ այդտեղ կա արհմիութենական կազմակերպություն: Հանրապետությունում գործող տրանս-ազգային կազմակերպություններում հիմնականում չկան արհմիութենական կազմակերպություններ, սակայն նրանց աշխատողների համար գործատուները գուցե և կազմակերպում են ինչ-ինչ միջոցառումներ:

Սա կրկին հաստատում է, որ նման աշխատանքային կոլեկտիվներում չկա արհմիութենական կազմակերպություն:

Օրինագծով նախատեսվում է տարբեր ոլորտների կազմակերպություններում աշխատողներին միավորել մեկ արհմիութենական կազմակերպությունում և նրանց շահերը պաշտպանել` առանց հաշվի առնելու ոլորտների առանձնահատկությունները:

Արհմիութենական շինարարության և շարժման հաջողությունը պայմանավորված է արհմիութենական անդամների միասնական ուժերով, ոլորտային և մասնագիտական առաջնահերթությունների կարևորմամբ:

Դժվար է կռահել, թե ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ երբ կկազմակերպվի վերը հիշատակված օրինագծի քննարկումը: Սակայն այն պետք է բխի կազմակերպություններում աշխատող արհմիության անդամների շահերից և չվտանգի արհմիութենական կազմակերպությունների գործունեությունը:

Այսօր ԱԺ-ում առկա է որոշ պատգամավորների հուսահատությունը, մի մասի անտարբերությունը և մի քանիսի սպասումները:

Բոլոր դեպքերում նման մթնոլորտում «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ ընթերցմամբ ներկայացնելը շահեկան չէ ոչ մի առումով…»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս