loader
Որոշ պաշտոնյաներ տարածքները սեփականաշնորհել են լումաներով․ Սուրեն Պապիկյան

Որոշ պաշտոնյաներ տարածքները սեփականաշնորհել են լումաներով․ Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը չորրորդ իշխանությանը՝ մամուլին, հորդորեց լինել գերուշադիր, որպեսզի, եթե ՀՀ որևէ պետական պաշտոնյա, իր պաշտոնեական լիազորությունները շրջանցելով, զբաղվում է որևէ ձեռնարկատիրական գործունեությամբ, բարձրաձայնեն ու իրազեկեն համապատասխան մարմիններին։ Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի տարածքներին, ՀՀ-ում հողային կեղծ աճուրդներին, նախարարը ցավով արձանագրեց, որ Հայաստանում տասնամյակներ շարունակ սա ընդունված է եղել։

«Ընդունված ավանդույթ է եղել, որ պաշտոնյաներն, երբ իրենց պաշտոնը ստացած են համարել, սկսել են ազատ տարածքների, այսպես կոչված, փայ-փայ անելու գործընթացը։ ՀՔԾ-ն ուսումնասիրություն է կատարել Մանվել Գրիգորյանին «պատկանող» տարածքներում, և մեզ տրված տվյալների համաձայն՝ կա նախնական եզրակացություն, որ այդ աճուրդները տեղի են ունեցել ոչ սահմանված, ոչ մրցութային կարգով: Այս պահին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության իրավական ու վարչական վերահսկողության վարչությունն ուսումնասիրություն է կատարում Տավուշի մարզի Դիլիջան, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արշալույս, Հայթաղ, Գրիբայեդով, Արտիմետ, Պտղունք, Ծաղկալանջ, Ակնալիճ, Մեծամոր, համայնքներում։ Այս համայնքներում տասնյակ-հարյուրավոր հեկտարների հասնող հողատարածքներ են առկա, որոնք պատկանում են տարբեր մարդկանց, և որոնց սեփականության վկայականները հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում»,- տեղեկացրեց Պապիկյանը՝ հավելելով, որ այս ամենի շուրջ ուսումնասիրություններ կկատարվեն, իսկ համապատասխան արձանագրություն կազմելուց հետո կդիմեն, հավանաբար, ՀՀ վարչական դատարան։

Ինչ վերաբերում է Արարատի մարզի ավազի հանքերին, նույն պաշտոնյաների պաշտոնեական դիրքերի չարաշահման արդյունքում ու տարբեր կեղծ աճուրդների շրջանակում է եղել, թեպետ, նշեց, որ ամեն բան պետք է քննությունը պարզի, իսկ ինքը նման բան է ասում՝ նախկին փորձից ելնելով։

«Նույնը վերաբերում է նաև Մեղրու ազատ գոտու տարածքին, որովհետև, նախնական տեղեկություններով, որոշ պաշտոնյաներ իմանալով, որ այս տարածքը դառնալու է ազատ գոտի, նախապես այս տարածքները սեփականաշնորհել են, իսկ խոսքը վերաբերում է չնչին գումարներով՝ լումաներով սեփականաշնորհմանը, որը հետագայում կասեցերել է Մեղրու ազատ գոտի դառնալուն: Սա Ազգային անվտանգության և նաև պետական շահի խնդիր է, և ինչպես հայտարարել է վարչապետը, այն ամենն, ինչը պատկանում է Հայաստանի քաղաքացուն, պետք է վերադարձվի նրան»,- շեշտեց Սուրեն Պապիկյանը՝ հրաժարվելով նշել նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների անուններ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս