loader
Փոխքաղաքապետի անակնկալ ստուգայցը մանկապարտեզներում թերություններ է բացահայտել (ֆոտոշարք)

Փոխքաղաքապետի անակնկալ ստուգայցը մանկապարտեզներում թերություններ է բացահայտել (ֆոտոշարք)

Անակնկալ շրջայց՝ համայնքային մանկապարտեզներում: Օրակարգի հիմնական խնդիրը սննդի վերահսկողությունն է: Ավագանու անդամները մանկապարտեզներում սննդի կազմակերպման հետ կապված իրենց մտահոգությունն էին հայտնել: Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով ոլորտի պատասխանատուներն իրավիճակին ծանոթանում են հենց տեղերում: Մատակարարվող սննդի ստուգում, սանիտարահիգիենիկ պայմաններ, ջեռուցման անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովում: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը 47, 48, 78 և 87 մանկապարտեզներում էր: 

«Անակնկալ այցելությունները մենք պետք է աշխատանքային սկզբունք դարձնենք, Որովհետև իրական պատկերի հետ առերեսվում ես այն ժամանակ, երբ այցելությունը լինում է անակնկալ»,- նշել է Տիգրան Վիրաբյանը: 
Փոքրիկները սիրով են մանկապարտեզ հաճախում, գոհ են նաև ճաշացանկից: Ոլորտի պատասխանատուներն ավելի պահանջկոտ են: Նկատվող թերությունները մտահոգիչ են և պետք է վերացվեն: 

«Խնդիրները դրվել են սեղանին և, այո, մենք պատրաստ ենք ընդունելու այդ խնդիրները և դրանց լուծման եղանակները գտնելու: Իսկ սննդի մատակարարման առնչությամբ կարող ենք խնդիրները հիմնովին լուծել այն ժամանակ, երբ արդեն կհայտարարեն նոր մրցույթներ և դրանք կլինեն շատ ավելի բաց, թափանցիկ ու վերահսկելի»,- ընդգծել է Երևանի փոխքաղաքապետը: 

Երևանի հ. 78 մանկապարտեզում մուտքը թույլատրված է միայն բախիլներով: Սնունդը ստուգելու համար ևս կա հատուկ մոտեցում: 

Տիգրան Վիրաբյանն ամփոփում է շրջայցի արդյունքներն ու նկատում՝ ամեն ինչ չէ, որ ֆինանսական միջոցների հետ է կապված, պարզապես պետք է կառավարման ճիշտ մոտեցում. «Չորս մանկապարտեզ այցելեցինք, որոնցից երեքում տեսանք ոչ նորմալ վիճակ: Կան մանկապարտեզներ, որոնց ոչ բարեկարգ վիճակն անմիջականորեն կապված է և՛ վարչական շրջանի, և՛ ֆինանսավորման խնդիրների ու գլոբալ հարցերի հետ, բայց այդ շարքում կան մանկապարտեզներ, որոնց խնդիրներն էականորեն կապված չեն ֆինանսի հետ: Սա ուղղակի ղեկավարման և ճիշտ մենեջմենթի բացթողումների արդյունք է»

Տիգրան Վիրաբյանը վստահեցնում է, որ արձանագրվող թերացումներն ու պատասխանատուների լիազորությունների ոչ պատշաճ կատարումն անհետևանք չեն մնալու: Դրան զուգահեռ խրախուսվելու են բոլոր պարտաճանաչ աշխատակիցները: 

«Այս շրջայցից հետո կլինեն հետևանքներ, կլինեն հանձնարարականներ և կլինեն մարդիկ, որոնք իրենց լիազորությունների շրջանակից դուրս գալու կամ չկատարելու համար նաև կենթարկվեն որոշակի պատասխանատվության: Մենք պիտի կարողանանք նաև այդ ինստիտուտը վերականգնել, որպեսզի լինեն և՛ խրախուսումներ, և՛ պատժվողներ»,- նշել է Տիգրան Վիրաբյանը: 

Համայնքային մանկապարտեզներում անակնկալ այցերը լինելու են շարունակական:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս