loader
Սա ուղղակի անտարբերություն է, որը պետք է վերանայել հնարավորինս արագ. բաց նամակ՝ Կառավարությանը

Սա ուղղակի անտարբերություն է, որը պետք է վերանայել հնարավորինս արագ. բաց նամակ՝ Կառավարությանը

Բաց նամակ

ՀՀ Վարչապետ պրն Ն․ Փաշինյանին,

ՀՀ Պաշտպանության նախարար պրն Դ․ Տոնոյանին

ՀՀ Սփյուռքի նախարար պրն Մ․ Հայրապետյանին

Մեծարգո պարոնայք,

թույլ տվեք նախ և առաջ ի դեմս ձեզ շնորհավորել համայն հայ ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի, մեզ բոլորիս՝ ապրիլ-մայիսին տեղի ունեցած և ներկայումս դեպի իրական ժողովրդապետություն տանող փշոտ ճանապարհով ընթացող թավշյա հեղափոխության առիթով։ 

Ցավոք սրտի, այդ օրերին մենք չէինք կարող գտնվել Երևանում ձեր կողքին՝ մասնակցելու համաժողովրդական շարժմանը և օգնելու ինչով կարող էինք։

Հենց դրա հետ կապված մի շատ կարևոր հարցով մարսելահայ երիտասարդների (նաև՝ շատ պատանիների) անունից դիմում եմ ձեզ։ 

Մեզ բոլորիս համար մեծ պատիվ է, օտար երկրում ապրելով, բաց ճակատով ներկայանալ որպես ազգությամբ հայ և այլազգիներին հպարտությամբ պատմել շատերին անհավանական թվացող այն ամենը, ինչ տեղի ունեցավ և շարունակվում է Հայաստանում։

Ներքոշարադրյալ խնդիրը խիստ կարևոր ենք համարում մեր Հայրենիքի ապագայի առջև ծառացած այլ հիմնահարցերի շարքում։

Խոսքը վերաբերում է 18-27 տարեկան երիտասարդներին (նաև մինչև 18 տարեկան այն պատանիներին, որոնց՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողներն ինչ-ինչ պատճառներով վերջին տարիներին արտագաղթել են Հայաստանից), որոնք ցավալիորեն զրկված են Հայրենիք ազատորեն մուտք-ելք ունենալու հնարավորությունից, քանզի ՀՀ Զինապարտության մասին օրենքը պահանջում է 18-ը լրանալուն պես ներկայանալ ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության։

Գիտակցելով հանդերձ սույն Օրենքի կենսական կարևորությունն ու անհրաժեշտությունը մեր Հայրենիքի պաշտպանության գործում՝ կուզենայինք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ-ից դուրս գտնվող՝ համապատասխան տարիքային խմբի երիտասարդներին առնչվող մի քանի հանգամանքների և մեր երկրի ապագային վերաբերող հնարավոր որոշ բացասական միտումների վրա։

1․ Միայն 27-ը լրանալուց հետո երիտասարդը՝ ՀՀ օրենքով նախատեսված գումարը (մոտ 3,600,000 դրամ) նախապես մուծելուց հետո կարող է ազատ ելումուտ ունենալ Հայաստան։

2․ Երիտասարդին, որը ինչ-ինչ պատճառներով չունի ՀՀ անձնագիր, ՀՀ դեսպանությունը (կամ հյուպատոսությունը) հրաժարվում է այդպիսին տրամադրել։ Նույն կերպ, ՀՀ ներկայացուցչությունները հրաժարվում են երկարաձգել անձնագրերի վավերականության ժամկետը։ Այսօրինակ մոտեցման հետևանքով և ոչ մի օրինական փաստաթղթով չի կարող հաստատել որևէ մեկի՝ ՀՀ քաղաքացի լինելու փաստը, ինչը ոչ միայն ցավալի է օտարության մեջ ապրող հայ երիտասարդի համար, այլև հարուցում է այլ խնդիրներ։

3․ Մինչև 27-ը լրանալը Հայրենիք այցելելու նպատակով երիտասարդներից ոմանք զարտուղի, անօրինական եղանակներով փոփոխում են անվան-ազգանվան որոշ տառեր, ինչը՝ բարոյական խնդիրներ ստեղծելուց զատ, նաև խիստ վտանգավոր է և պատժելի։

4․ Հայրենիք այցելելու հնարավորությունից զրկված լինելով, ապրելով օտարության մեջ՝ Հայաստան վերադառնալու-ներգաղթելու ցանկությունը երիտասարդի մոտ տարեցտարի նվազում է, մեծանում է ազգայինից օտարացման և խորթացման զգացումը։

5․ Երիտասարդների զգալի մասը դրսում ժառանգում կամ ստեղծում է իր բիզնեսը, կամ տեղավորվում է որևէ աշխատանքի (երբեմն՝ երկարաժամկետ պայմանագրով), ինչը նույնպես լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում Հայրենիքի հետ աշխույժ կապեր հաստատելու տեսակետից։

6․ Մինչև 27-ը լրանալը օտարության մեջ շատերը ստեղծում են իրենց ընտանիքը (հաճախ այլազգի կին ընտրելով), ինչը երբեմն վերջնականապես փակում է Հայրենիք ետդարձի ուղիները։

Այս ցանկը, հավանաբար, հնարավոր է շարունակել։ Սակայն ամփոփենք․ մեր կարծիքով՝ ՀՀ խնդրո առարկա օրենքի հնարավոր կորուստները (մարդկային, դեմոգրաֆիական և այլն) խիստ մեծ են թվում, օգուտը՝ չնչին և կասկածելի։
Խնդրում ենք ձեր շահագրգիռ միջամտությունն ու մասնակցությունը՝ տանելի ելք գտնելու անլուծելի թվացող, բայց և թանկ արժեցող այս հիմնահարցից։ Պատրաստ ենք տարբեր կոմպրոմիսային լուծումների, ինքներս էլ ունենք որոշակի առաջարկներ։

Օրինակ՝ անձը կարող է ներկայանալ ՀՀ դեսպանություն, գրավոր հանձն առնել վճարելու օրենքով սահմանված գումարը՝ ամսեամիս կամ միանգամից, ապա Հայաստան անարգել ելումուտի իրավունք ձեռք բերել, հետագայում լուծելով նաև զինվորական հաշվառման կանգնելու ընդունելի տարբերակի հարցը։

Այլ տարբերակ՝ երիտասարդը, հատուկ օրենքի համաձայն, կարող է գալ Հայաստան, անցնել հատուկ զինվորական պատրաստականության ծրագիր, գրանցվել պահեստազորում և ստանալ Հայաստան ազատ այցելելու իրավունք։
Ինչևէ, տարբերակները կարող են լինել բազմաթիվ և, իհարկե՝ ոչ ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Հուսով ենք, որ դրանցից լավագույնները մշակելով և լրամշակելով՝ հնարավոր է գտնել խելացի, կոմպրոմիսային, երկուստեք ընդունելի որոշում։

Խիստ կարևոր եմ համարում նշել որ, շատ հաճախ երիտասարդները օրերը հաշվելով սպասում են 27-ը լրանալուն, բայց բախվում են նույն օրենքին, քանի որ օրենքը որը գործում է մինչև 2019թ. ամեն տարի թարմացման և վերահաստատման սկզբունք ունի, ինչը երբեք տեղի չի ունեցել ժամանակին։ Այս պահին ՀՀ-ից դուրս կան, եթե ոչ հազարավոր ապա հարյուրավոր տղաներ, որոնք ծնվել են 1991 թվականին և արդեն 27 տարեկան են։ Դա հենց այն երկար սպասված տարիքն է, որը թույլ է տալիս, ըստ օրենքի, կատարել վճարում և վերադառնալ Հայաստան, սակայն ամբողջ տարին անորոշության մեջ մնալուց հետո միայն հիմա է՝ նոյեմբեր ամսին քննարկման դրվում 1991թ.-ին ծնված զինակոչից «խուսափած» երիտասարդների հարցը։

Երկարացնել այս օրենքը և թողնել անփոփոխ նշանակում է շարունակել անտեսել մնացած բոլորին, ովքեր կրկնում եմ՝ ինչ-ինչ պատճառներով բնակություն են հաստատել արտերկրում։ Կարևոր բացթողում է նաև այն, որ նրանք, ում 27-ը լրանում է տարեսկզբին, ստիպված են լինում սպասել մինչև տարեվերջ։ Սա ուղղակի անտարբերություն է, որը պետք է վերանայել հնարավորինս արագ։ 

Անհամբերությամբ և Հայրենիքի կարոտով սպասում ենք ձեր շահագրգիռ մոտեցմանը՝ բոլորիս համար խիստ կարևոր այս հարցին։

Նամակի հեղինակ՝ Թովմաս Թերզյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս