loader
Սգում ենք մեր գործընկերոջ կորուստը

Սգում ենք մեր գործընկերոջ կորուստը

Այսօր ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս,թարգմանիչ Կարինե Աշուղյանը: Նա տևական ժամանակ աշխատել է «Չորրորդ իշխանություն» թերթում և եղել է թերթի սիրված ու սպասված հեղինակներից մեկը: Կարինեի վերլուծություններն ու հարցազրույցները հըաճախ էին օրակարգ պարտադրում լրատվական դաշտին: Համատեղելով պետական աշխատանքը լրագրության հետ՝ Կարինեն հասցնում էր մնալ հոգատար մայր ու պայքարող քաղաքացի:

2008-ին սկսված հանրահավաքային պայքարի պայծառ դեմքերից էր Կարինեն: Միշտ ներկա՝ միշտ նույն տեղում: Լևոն Խեչոյանի հետ նրանք ունեին իրենց հանդիպման ու հանրահավաքին հետևելու վայրը՝ Թումանյանի արձանի մոտակայքը:

Ջերմ, բարի ու տաղանդավոր մեր գործընկերոջ կորուստը սգում ենք «Չորրորդ իշխանություն» ողջ խմբագրակազմով: Ցավակցում ենք Աշուղյանի որդուն, մորը, եղբորը և նրա բոլոր ընկերներին, որոնց համար Կարինեն եղել ու մնալու է անփոխարինելիների ցանկում:

Հ. Գ. Աշուղյանը ծնվել է 1962 թվականին՝ Արարատի մարզի Տափերական գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, ապա` ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Աշխատել է նույն ինստիտուտում՝ որպես հայ փիլիսոփայության պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող, ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում և որպես լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներում:

1998-2008թթ եղել է «Արարատ» մարզային թերթի գլխավոր խմբագիրը: 1980-ական թվականներից հանրապետական մամուլում հանդես է եկել բանաստեղծություններով, թարգմանություններով և հրապարակախոսական հոդվածներով: 1996թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Խմբագրել է «Գրական տապան» միջազգային գրական փառատոնի ամենամյա մի քանի ժողովածուներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն, հոլանդերեն, լեհերեն, անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներով:

Հրատարակվել են նրա «Բանաստեղծություններ» (1995թ.), «Առաքելություն» (հրապարակախոսություն, «Ավետաբերները» ժողովածու, 1997թ.), «Հմայիլներ» (2006թ.), «Փորձեր» (2007թ.), «Մի ճամպրուկ ճակատագիր» (2014թ.), «Փիլիսոփայական և գեղարվեստական միտքը 13-14-րդ դարերի քերականության հայ մեկնություններում» (2015թ.) գրքերը: Ռուսերենից թարգմանել է Մարինա Ցվետաևայի, Աննա Ախմատովայի «Բանաստեղծություններ» (2003թ.), Նաթելլա Լալաբեկյանի «Բազմակետ» (2011թ.), Վահան Հովհաննիսյանի «Մանդելիոն» (2014թ.) գրքերը: «Հմայիլներ» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի մրցանակի:

Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: 2016թ. արժանացել է ՀՀ ՊՆ և ՀԳՄ համատեղ ամենամյա մրցանակին: Խմբագրել է «Գրական տապան» միջազգային գրական փառատոնի ամենամյա մի քանի ժողովածուներ, տարբեր հեղինակների գրքերի գեղարվեստական խմբագիրն է:

Նրա ստեղծագործությունները լույս են տեսել գրական պարբերական մամուլում և տարբեր ժողովածուներում, թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն և հոլանդերեն, լեհերեն, անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներով։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս