loader
Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան, Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում

Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան, Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում

ՀՀ նախագահի հրամանագրով Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Վահագն Աթաբեկյանին նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ: 

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից:

Դեսպանի պաշտոնից հետ է կանչվել նաև Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արդեն նախկին դեսպան Էդգար Ղազարյանը: Նախագահի հրամանագրով Լեհաստանում դեսպան է նշանակվել Սամվել Մկրտչյանը:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Սամվել Մկրտչյանին նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա),-ասված է նախագահի հրամանագրի մեջ: 

 Սամվել Մկրտչյանի կենսագրությունը

Ծնվել է 1959թ. մայիսին:

Սամվել Մկրտչյանը Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնել է 2016թ. մարտին։ Մինչ այդ նա 2010թ. դեկտեմբերից պաշտոնավարում էր որպես ՀՀ արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության տնօրեն։

2004-2010թթ. նա եղել է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության Առաքելության ղեկավար, դեսպան:

Առաքելությունը՝ որպես ինքնուրույն դիվանագիտական միավոր, հիմնվել է Ս. Մկրտչյանի պաշտոնավարմամբ։

Մինչ այդ նշանակումը դեսպան Մկրտչյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության տնօրենն էր: Նա պատասխանատու էր բոլոր եվրոպական երկրների հետ երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային առնչությունների քաղաքականության մշակման և իրականացման համար: Նա նաև պատասխանատու էր Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի հետ հարաբերությունների համար:

1994-2000թթ. նա պաշտոնավարել է որպես ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության փոխղեկավար, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունում և Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ Մշտական ներկայացուցչի տեղակալ: 1997-98թթ. նա նաև իրականացնում էր Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում և Սլովակիայում ՀՀ Ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները:

1996-99թթ. Մկրտչյանը Հայաստանի կողմից բանակցել է Հարմարեցված ԵՍԶՈՒ պայմանագիրը:

1995-97թթ. նա` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հայկական բանակցային խմբի անդամ է եղել:

Մկրտչյանն իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 1991թ. որպես Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Սկանդինավյան և Բալթյան երկրների պատասխանատու: Կարճատև, մինչ Վիեննա գործուղման մեկնելը, նա ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչությունում վարում էր ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ հարաբերությունները:

Մինչ դիվանագիտական ծառայության անցնելը Մկրտչյանն աշխատել է Պետական պատմական արխիվում, ապա Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում:

Սամվել Մկրտչյանը մասնակցել է ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի և ՆԱՏՕ-ի մի շարք միջազգային խորհրդաժողովների և հանդիպումների, այդ թվում և ԵԱՀԿ Բուդապեշտի, Լիսաբոնի և Ստամբուլի գագաթաժողովներին:

Սամվել Մկրտչյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը 1981թ. և շարունակել կրթությունը Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրայում 1981-84թթ.: Նա մասնակցել է նաև Լիդսի համալսարանի դիվանագիտական կուրսերին 1993թ.:

Բացի  հայերենից, դեսպան Մկրտչյանը տիրապետում է անգլերենին և ռուսերենին:

Ամուսնացած է և ունի երկու երեխա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս