loader

ԱԱԾ տնօրենը՝ իր ընտանիքի անդամների բիզնեսի և այլ հարցերի մասին (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է աշխատանք՝ կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ։ Լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Կարճ ժամանակում ականատես կլինեք խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց հայտնաբերման և օրենքի ուժով պատասխանատվության ենթարկման: Դա չի նշանակում, որ գնալու ենք ռեպրեսիաների և վրեժխնդրության: Ցանկացած գործ ցանկացած անձի վերաբերյալ լինելու է հրապարակային, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չհարուցի, որ տվյալ անձը պետությունից գումար է գողացել և հաստացել է: Իմ մոտեցումն է, որ ապօրինի հարստացած մարդիկ վերադարձնեն գումարները պետական բյուջե, այլ ոչ թե գնան, նստեն բանտերում»,ասաց Վանեցյանը: 

ԱԱԾ տնօրենը նաև հայտարարել է, որ ներքաղաքական փոփոխություններից հետո ավանդականորեն կոռումպացված համարվող հիմնարկներն ամբողջությամբ դադարեցրել են հակաօրինական գործունեությունը` մանրամասնելով, որ խոսքը մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ստորաբաժանումների մասին է:

Նրա խոսքով՝ Հայաստանում մոտ 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված է կազմակերպություն, որն իրականացնում է տնեսական գործունեություն և չի վճարում հարկեր:

«Նրանք տեղյակ չեն, ծանր սոցիալական վիճակում գտնվող մարդիկ են, որոնցից անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել են անհատ ձեռնարկություններ, ԱՊԸ-ներ և այլն»,-ասաց Վանեցյանը՝ խոստանալով բացահայտումները հանրությանը ներկայացնել շուտով:

Վանեցյանը հավելեց, որ ԱԱԾ աշխատանքների շնորհիվ բավականին մեծ գումարներ են վերադարձվելու պետական բյուջե, ինչի հաշվին հնարավոր կլինի այս տարի պետական համակարգում որոշ պարգևավճարներ ապահովել, իսկ հաջորդ տարի արդեն ստվերի լուրջ կրճատման շնորհիվ մուտքերն անհամեմատ կավելանան, որը հնարավորություն կտա բարձրացնելու աշխատավարձերը:

«Քաղաքական ղեկավարությունն ուղիներ է փնտրում պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու»,-նշեց ԱԱԾ պետը:  

Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու հետ կապված ներկա դրությամբ հստակ դիրքորոշում չունի:

«Քաղաքական որոշում պետք է կայացվի: Սահմանադրությամբ սահմանափակված է նախարարությունների թիվը, եթե ԱԱԾ-ն կամ ոստիկանությունն էլ դառնան նախարարություն, ապա պետք է սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել: Չեմ կարող ասել՝ պե՞տք է փոխել մեր կարգավիճակը: Կարծում եմ՝ հիմա էլ ենք արդյունավետ աշխատում»,-ասաց Վանեցյանը:

Նրա խոսքով՝ համակարգը բազմիցս փոփոխությունների է ենթարկվել, բայց իր բովանդակությունը, էությունը չի փոխել:  «Այս պահին դիրքորոշում չունեմ»,- ասաց ԱԱԾ տնօրենը, միաժամանակ հիշեցնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է այնպես անել, որպեսզի ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հաշվետու լինեն Ազգային ժողովին:

Վանեցյանը խոսել է իր ընտանիքի անդամների բիզնեսի մասին: Նա  նշել է, որ իր հայրը 90-ական թվականներից հետո զբաղվե է բիզնեսով: Երբևէ պետական պաշտոն չի զբաղեցրել: Նրա հայրը բիզնեսով զբաղվել է նաև Ուկրաինայում:

«Կարծում եմ՝ որևէ ապօրինի բան չկա դրանում: Հայրս բիզնեսով է զբաղվել, իսկ մայրս պետական աշխատող է՝ 1997-1998 թվականներից նախագահի աշխատակազմում, ապա՝ քաղծառայության խորհրդում, ապա կրկին նախագահի աշխատակազմում՝ կադրերի վարչության պետ, իսկ այս պահին արդեն վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության պետն է»:

Արթուր Վանեցյանն ասաց, որ անձամբ բիզնես չունի:

«Վերջին երեք տարում հորս կազմակերպությունն ընդգրկված է եղել օրինապահ հարկատու համակարգում: Ունեմ եղբայր, ով ապրում է Ժնևո ւմ և բավական խոշոր գործարար է: Մանկապարտեզը, որը պատկանում է տիկնոջս, կառուցվել է եղբորս որոշակի գումարային աջակցությամբ: Մի մասը վարկային միջոցներ են ներգրավված, մյուս մասը եղբորս աջակցությունն է»:

Նա տեղեկացրեց, որ վարդերի ներկումը ևս նրա հայրիկի բիզնեսն է: Իսկ կնոջ պատվոգիրը ազգային անվտանգության ապահովման գործում դրական ձեռքբերումների համար՝ ԱԱԾ տնօրենի կողմից, նրան շնորհվել է, որբ աշխատում էր որպես Արտակարգ իրավիճակների երջանկահիշատակ նախարար Արմեն Երիցյանի խորհրդական: Արտակարգ իրավիճակների համակարգի աշխատակիցների տոնի հետ կապված կինը խրախուսվել է ԱԱԾ-ի կողմից՝ համագործակցության համար: Արմեն Երիցյանի մահից հետո կինը որոշել է դուրս գալ ԱԻՆ-ից և զբաղվել է միայն մանկապարտեզի հարցերով:

Վանեցյանը պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցցանցային ուղիղ միացումներին որոշ մտահոգությամբ է վերաբերվում: 

«Ստեղծված իրավիճակում անխուսափելի են նման երևույթները, որոնք կարող են նաև սպառնալիք լինել որոշակի առումով ազգային անվտանգությանը։ Բայց պետք է մեր գործընկերներին բացատրենք, ուղղորդենք, որ նման երևույթները լինեն այնպես, որ որևէ վնաս չհասցնեն: Իհարկե, պետք է լինի հասարակության հետ մշտական կապը, դա նաև վարչապետի դիրքորոշումն է, որ բոլոր պաշտոնյաները պետք է բաց աշխատեն, մշտական կապի մեջ լինեն, բայց պետք է հասկանանք՝ ինչպես կազմակերպել», ասաց Վանեցյանը: 

Ոստիկանությո Սասնա Ծռերի գործով մեղադրյալներին դատարանից կալանավայրեր է տեղափոխել մայիսի 18-ի գիշերը՝ առանց որևէ միջադեպի, ասաց Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նրան, որ դատարանը շրջափակել էին զինված խմբի կողմնակիցները:

«Օրեր առաջ զինված խմբի անդամների հերթական դատական նիստն էր: Պաշտպանները դիմել էին՝ խափանման միջոցը փոխելու հետ կապված: Դատարանը չի կարող հենց այնպես փոխել նրանց կարգավիճակը, քանի որ նրանք գրավել են ՊՊԾ գունդը, որի հետևանքով զոհվել է երեք ոստիկան: Դատարանը պետք է իր դատաքննությունն իրականացնի և պարզի բոլոր հանգամանքները: Նրանց ազգականները, քաղաքական կողմնակիցները ևս համաձայն են, որ նրանց ազատ արձակելու հարցը առանց դատաքննության չի լուծվելու»:

ԱԱԾ տնօրենը հիշեցրեց, որ զինված խմբի մոտ հիսուն կողմնակիցներ վերջին օրերին շրջափակել էին դատարանի շենքը, իսկ «Սասնա ծռեր»-ի անդամները գիշերում էին դատարանի խցերում:

«Գիշերը ոստիկանությունը որոշում է կայացրել տեղափոխել այդ մարդկանց: Խմբի անդամները ևս պահանջել են՝ իրենց տանել կալանավայրեր, քանի որ դատարանի խցերում նորմալ պայմաններ չկան, անգամ քնելու համար: Ոստիկանությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել և գիշերը նրանց տեղափոխել: Ուժի կիրառում չի եղել, մեծ քանակությամբ ոստիկաններ միջանցք են կազմել և զինված խմբի անդամներին տեղափոխել»,- ասաց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքեց այն լուրերը, թե Հայաստանում գտնվում են ԱՄՆ-ից ժամանած FBI (ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո) քննիչներ:

Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն է նշանակվել մայիսի 10-ին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս