loader

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը (տեսանյութ)

«ՀՀ արտաքին քաղաքական կուրսը շարունակում է մնալ նույնը, դրա վերաբերյալ կա կոնսենսուս նաև հանրության մեջ»,այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նա անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան.

«Նոր բան չէ, որ մենք պնդում ենք Արցախի մասնակցությունը, դա տարիներ շարունակ ասել ենք ու շարունակում ենք ասել, պարզապես այժմ իրողություններ են փոխվել և այդ մասին թե՛ վարչապետը, թե՛ այլ ձևաչափերով խոսվել է, որը ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում», - ասաց Տիգրան Բալայանը:

Բալայանը հավելեց, որ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ այսուհետ ԱԳՆ-ում պարբերաբար ճեպազրույցներ են լինելու ԶԼՄ-ների համար` տեղեկացնելու Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի մասին.

«Սա որպես լրացուցիչ գործիք ենք ներդնում: Այսօր ներկայացնելու ենք մեր առաջիկա այցելությունները` Հայաստան ու Հայաստանից դուրս», - ասաց Տիգրան Բալայանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Բալայանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վարաբերյալ պայմանավորվածություն չկա. 

«Հունիսին նախատեսվում է Մինսկի խմբի համանախագահների այց Հայաստան: Նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նոր ղեկավարության հետ, ժամկետներն այս պահին համաձայնեցվում են, օրվա վերաբերյալ դեռ հստակություն չկա», - ասաց Բալայանը:

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում որոշակի լարվածության մասին, Բալայանը նշեց, որ Հայաստանը թույլ չի տալու դիրքային փոփոխություն սահմանի որևէ հատվածում:

«Ինչպես Պաշտպանության նախարարության իմ գործընկերն արդեն տեղեկացրել է, այդ հատվածում վարվում են որոշակի աշխատանքներ, որոնք անմիջական վտանգ են ստեղծում մեր դիրքերի համար», - նշեց Բալայանը՝ հավելելով , որ հենց դրանց տեղում ծանոթանալու համար է, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են սահմանային այդ հատված:

«Մենք բազմիցս, թե՛ ադրբեջանական կողմին, թե՛ միջնորդներին զգուշացրել ենք, որ այդ տիպի աշխատանքները լարում են իրավիճակը և կարող են հանգեցնել անցանկալի զոհերի: Ասել, որ Հայաստանի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարների անմիջական ցուցումով է եղել այն հրաձգությունը, որի հետևանքով, ըստ ադրբեջանական կողմի, եղել է Ադրբեջանի կողմից զոհ… Ես չեմ բացառում, որ այդ զոհը եղել է իրենց միջանձնային հարաբերությունների պատճառով, որը փորձում են հիմա մատուցել որպես հայկական կողմից կրակոցի զոհ:

Մենք հստակ ու հաստատակամ ենք, որ թույլ չենք տալու դիրքային փոփոխություն որևիցե հատվածում: Սա հստակ ուղերձ է, որը նաև իրենց այցով հղել են ՀՀ Պաշտպանության ու Արտաքին գործերի նախարարները»,-նկատեց նա:

Մարգարիտա Ղազարյան

Մանրամասները՝ «Հայաստան 24»-ի տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս