loader
Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն է տեղի ունեցել

Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն է տեղի ունեցել

Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ներկայացուցիչների, ծա­ռայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, ինչպես նաև իրավակարգի ամրապնդման, հասարա­կա­կան կարգի պահպանության գործում ներդրած ավան­դի համար շնորհվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներ և զինվորական կոչումներ:

Զինված ուժերի երկու շարքային զինծառայողներ՝ Արթուր Բաբկենի Կոշտոյանը և Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանը հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները: Դիմելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանն ասել է.

«Նախ թույլ տվեք ևս մեկ անգամ բոլորիս շնորհավորել համազգային ու համապետական այս առանձնահատուկ տոնի՝ Հայաստանի անկախության հռչակման տարեդարձի առթիվ:

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել և երախտագիտությունս հայտնել հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած և այսօր հետմահու պարգևատրված մեր հերոսների՝ Հայաստանի զինված ուժերի շարքայիններ Արթուր Բաբկենի Կոշտոյանի և Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանի հարազատներին, ի դեմս նրանց՝ անկախության և ազատության համար զոհված մեր բոլոր հերոսների հարազատներին:

Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ: Հարգելի Աշոտ, խնդրում եմ գնահատանքի և երախտիքի խոսքերս և մեր բոլորի առողջության բարեմաղթանքները հայտնել տիկին Աննային:

Հարգելի՛ բարեկամներ,

Շնորհավորելով ձեզ ազնվորեն վաստակած շքանշանների ու մեդալների առթիվ՝ ուզում եմ նշել, որ դրանք սոսկ Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ չեն:

Դրանք այն անկախության ու ազատության պարգևներն են, որոնք ավելի քան քառորդ դար առաջ ձեռք են բերվել բոլորիս միասնական ջանքերով:

Ժամանակն ու երկրի զարգացման հեռանկարները պահանջում են պատմության վերընթերցում, նոր գաղափարների առաջադրում, նոր արժեքների ստեղծում:

Միևնույն ժամանակ, մենք պետք է հավատարիմ մնանք այն արժեքներին ու արժեհամակարգին, որոնց համար ձեր ընկերներն իրենց տարիների քրտնաջան աշխատանքը և, ցավոք սրտի, հաճախ նաևև իրենց կյանքն են տվել:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախության անցած տարիներից յուրաքանչյուրն առանձնահատուկ է: Մենք կարող ենք և պարտավոր ենք նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին և հետագա բոլոր տարիները, առանձնահատուկ դարձնել մեր երկիրը: Որովհետև այդպիսին է, առանձնահատուկ է մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, այդպիսին է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ:

Կարծում եմ, և հույս ունեմ, որ շուտով մենք այստեղ նորից կհանդիպենք, և ես պատիվ ու մեծ հաճույք կունենամ պարգևատրել նաև Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների՝ մտավորականների, գործարարների, աշխատավորների, գյուղացիական համայնքների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ժուռնալիստների, քանի որ հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է, և մեզնից յուրաքանչյուրն իր լավագույնն է անում այդ պատվավոր ու կարևոր գործում:

Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, լավատեսություն և առաջընթաց»: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս