loader
Արցախի ԱԳՆ-ն պատվով է իրականացրել իր առջև դրված խնդիրները. Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը 

Արցախի ԱԳՆ-ն պատվով է իրականացրել իր առջև դրված խնդիրները. Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը 

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 25-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հարգելի՛  աշխատակիցներ,

Իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ նախարարության հիմնադրման 25-ամյակի առթիվ։

Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ որպես յուրաքանչյուր անկախ և ինքնիշխան երկրի կարևոր պետական մարմին, հիմնադրվել է մեր ժողովրդի համար բախտորոշ շրջանում՝ ադրբեջանական ագրեսիայի ամենաթեժ ժամանակահատվածում:

Գործելով ռազմական դրության պայմաններում՝ գերատեսչությունն անցել է բարդ ու դժվարություններով լի ճանապարհ` պատվով իրականացնելով իր առջև դրված խնդիրները։

Արտաքին գործերի նախարարությունն ակտիվորեն մասնակցել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին և 1994 թվականի հրադադարի համաձայնագրի մշակման ու ստորագրման գործին։

Պատերազմական գործողությունների ավարտից հետո նախարարության աշխատակիցները գործուն մասնակցություն են ունեցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ զուգահեռաբար պաշտպանելով հանրապետության շահերը միջազգային հարթակներում, զարգացնելով տարբեր երկրների հետ փոխշահավետ համագործակցությունը, Արցախի մասին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելով աշխարհին և պայքարելով քաղաքական ու լրատվական դաշտում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի դեմ:


Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ունենալով անհրաժեշտ ներուժ, այսուհետ ևս պատշաճ կերպով կիրականացնի իր գործառույթները և արժանվույնս կներկայացնի մեր երկիրն արտաքին ասպարեզում:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Արցախի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին հիշարժան հոբելյանի առթիվ:

Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս