loader
Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեն ստացել է 3 հաղորդում

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեն ստացել է 3 հաղորդում

2018 թվականի հոկտեմբերի 21-ին հանրապետության 9 մարզերի 49 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում հոկտեմբերի 21-ի՝ ժամը 20-ի դրությամբ, ստացվել է 3 հաղորդում: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 2-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, իսկ 1-ը՝ կրկնակի քվեարկության փորձին: Ստացված երեք հաղորդումների քննությունն էլ իրականացվում է Կոտայքի մարզային քննչական վարչությունում:

Օրենքով սահմանված կարգով քննություն է իրականացվում՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որոնց արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, այսօր` ՀՀ 9 մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունները աշխատել են ամբողջ կազմով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս