loader
Իշխանություններն այցելել են «Եռաբլուր»  զինվորական պանթեոն

Իշխանություններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Բանակի օրվա առթիվ  Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը և կառավարության և Ազգային անվտանգության խորհրդի անդամները, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը,  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, այսօր այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Մինչ այդ  Սարգսյանը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հանձնել է զոհված հերոսներին հետմահու շնորհված պետական բարձր պարգևները: 

Նշենք, որ Կարեն Կարապետյանն ու կառավարության մյուս անդամները «Եռաբլուր» ժամանեցին «Մերսեդես սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսներով:


Սերժ Սարգսյանի խոսքը Բանակի օրվա առթիվ

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեր երկրի վահանն են, մեր հպարտությունը: Մեր բանակը, լինելով մեր ժողովրդի անվտանգության հուսալի երաշխիքը, նաև տարածաշրջանային կայունության շատ կարևոր բաղադրիչն է:
Մենք գիտենք, թե ինչ է նշանակում պետականության և կանոնավոր բանակի բացակայություն և գիտենք, թե որքան թանկ ենք վճարել դրա համար: Ծանր փորձություններ տեսած ազգի համար սեփական բանակի գոյությունն իսկ ունի առանձնահատուկ ընկալում:

Մեր բանակը համաժողովրդական բանակ է, որ ստեղծման օրվանից զգում է ժողովրդի սերն ու հարգանքը, վայելում ժողովրդի վստահությունն ու անվերապահ աջակցությունը: Վստահ եմ, որ ապագայում ևս Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը փայփայելու և գուրգուրելու են իրենց առաջնեկին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ երկար ընդմիջումից հետո տեսավ հայկական զինական ուժի վերածնունդը, տեսավ նրա ամրացումն ու կայացումը: Մենք այն սերունդն ենք, որը ոչ միայն տեսավ, այլև մասնակիցը և վերակերտողը դարձավ այդ բանակի: Պատմական հանգամանքների բերումով, իսկ ավելի ճշգրիտ ձևակերպմամբ` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պարտադրանքով, Արցախյան ազատամարտի բերումով, մեր անկախ պետականության շենքը մենք սկսեցինք կառուցել ինքնապաշտպանությունից: Բանակը դարձավ մեր նորանկախ հայկական պետականության առանցքը:

Մեր ազատամարտիկները, իսկ հետագայում արդեն զինվորներն ու սպաները անցան փառահեղ մարտական ուղի՝ դնելով այսօրվա բանակի հիմքերը: Տոնական այս օրն առիթ է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր զինվորներին ու սպաներին՝ իրենց առաքելությունն անմնացորդ կատարելու համար: 

Գաղտնիք չէ, որ այսօր մենք որակապես այլ բանակ ունենք` զինված ամենաարդիական զինատեսակներով, հագեցած ժամանակակից սարքավորումներով: Բայց մենք շարունակում ենք և շարունակելու ենք հետևողականորեն բարձրացնել մեր բանակի մարտունակությունը: Այդ նպատակով ընդունվել է բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, ինչը կյանքի ենք կոչելու ժամանակացույցին համապատասխան: Անձամբ ես ջանք չեմ խնայելու, որ մեր բանակը դառնա ավելի արդիական և ավելի ուժեղ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք Եռաբլուրում ենք: Այս սրբազան տոնի օրը մեր պարտքն է գլուխ խոնարհել հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքի գնով մեզ կյանք և ազատություն պարգևեցին: Վշտակից ենք մեր բոլոր զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Կոչ ենք անում սերունդներին՝ մշտապես վառ պահել նրանց հիշատակը, Հայաստանի ժողովրդի այս կարևոր տոնի խորհուրդն ու իմաստը: 
Հավերժ փա՜ռք մեր հերոսներին: Կեցցե՜ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը»:


Վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ։ 

«Հարգելի հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ այս կարևորագույն տոնի կապակցությամբ:Մենք առաջին հերթին երախտագիտությամբ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել Հայոց բանակի ստեղծման ակունքներում և նրանց, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը մեր անկախության և մեր հաղթական բանակի կերպարը կերտելու համար:
Հայոց բանակի կազմավորումը տեղի է ունեցել մեր անկախ պետականության ամենածանր տարիներին՝ պարտադրված պատերազմի պայմաններում, և այսօր հպարտությամբ ենք նշում, որ մեր Զինված ուժերն էին Հայաստանի անկախության առաջին ու գլխավոր ձեռքբերումը:
Այսօր անհնար է գերագնահատել Հայոց բանակի դերն ու նշանակությունը: 2016թ. ապրիլին, երբ հակառակորդի կողմից Արցախի նկատմամբ տեղի ունեցավ լայնածավալ ռազմական ագրեսիան, մեր բանակը կրկին ապացուցեց իր մարտունակությունը՝ ցույց տալով, որ միշտ պատրաստ է պատասխանել մեր հայրենիքի նկատմամբ ցանկացած ոտնձգության: Այսօր մենք հպարտությամբ ենք հիշում այն քաջ տղաներին, ովքեր իրենց վրա վերցրեցին այդ հարվածը:

Բոլոր զինծառայողներին մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և բարի ծառայություն` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս