loader

Այլ քաղաքացու բանկային քարտով գումար է կանխիկացվել. տեսանյութ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

2018թ. նոյեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը կորցրել է իր դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս պատկանող բանկային քարտը:

Նույնը օրը՝ ժամը 19:40-ին և 19:52-ին, Երևան քաղաքում գտնվող երկու տարբեր բանկոմատներից ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բնակչուհուն պատկանող բանկային քարտով կատարել է գումարի կանխիկացում:

Դեպքի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունները:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու և նրա մոտ այլ քաղաքացու բանկային քարտը հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս