loader
Այսուհետ հնարավոր կլինի անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ առցանց

Այսուհետ հնարավոր կլինի անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ առցանց

Էլեկտրոնային ծառայությունների մատուցման համար նախատեսված www.e-cadastre.am պաշտոնական կայքում արդեն իսկ գործարկվել է առցանց տեղեկատվության տրամադրման համակարգը: 

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նշվում է, որ տեղեկատվության տրամադրման ծառայությունը հասանելի է www.e-cadastre.am կայքի «Տեղեկատվության հարցում» բաժնում:

Առաջարկվող նոր ծառայությունների միջոցով յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի առանց կայքում որևէ գրանցման գործընթաց անցնելու, մուտքագրելով անշարժ գույքի հասցեն կամ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը, կադաստրի միասնական էլեկտրոնային բազայից առցանց՝ ինքնաշխատ եղանակով ստանալ տվյալ անշարժ գույքի վերաբերյալ իրենց հետաքրքրող տեղեկությունները.

  1. գրանցված բոլոր իրավունքների, իրավատերերի, դրանց գրանցման ամսաթվերի վերաբերյալ,
  2. գրանցված որևէ կոնկրետ իրավունքի վերաբերյալ (օրինակ՝ սեփականության, վարձակալության և այլն), կոնկրետ իրավունքի իրավատիրոջ և դրա գրանցման ամսաթվի վերաբերյալ,
  3. որակական և քանակական բնութագրերի վերաբերյալ, որոնք իրենց մեջ ամբողջական տեղեկատվություն են պարունակում տվյալ անշարժ գույքի նպատակային և գործառնական նշանակության, մակերեսների, ներքին բարձրությունների, կառուցման, ծածկի և տանիքի նյութերի, կառուցման տարեթվերի, արտաքին հարդարման, ավարտվածության և վնասվածության աստիճանների վերաբերյալ:
  4. կադաստրային արժեքների վերաբերյալ,
  5. կադաստրային արժեքի հաշվարկի գործող ամփոփ ձևաթղթի վերաբերյալ:

Հավելենք, որ եթե գրանցված օգտատերերը համակարգ են մուտք գործում նույնականացման քարտի միջոցով, ապա տեղեկատվության տրամադրումը հասանելի է մի շարք առավելություններով:

Մասնավորապես, իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է անվճար: Գրանցված օգտատիրոջը սեփականության իրավունքով պատկանող և միանշանակ նույնականացված անշարժ գույքերը հասանելի են տվյալ օգտատիրոջ «Իմ անշարժ գույքերը» բաժնում: Հիշյալ օգտատերերին հասանելի է իրենց կողմից կատարված հարցումների և դրանց արդյունքում ձևավորված տեղեկանքների պատմությունը:

Հատկանշական է, որ կադաստրի միասնական էլեկտրոնային բազայից առցանց՝ ինքնաշխատ եղանակով ձևավորված տեղեկանքներն ունեն հերթական համար և չկրկնվող գաղտնաբառ, որոնց միջոցով հնարավոր է www.e-cadastre.am կայքի «Փաստաթղթերի դիտում» բաժնում որոնել տվյալ տեղեկանքը, դիտել այն, ներբեռնել և տպել:

Նոր ներդրված համակարգը հնարավորություն է ընձեռել կադաստրի պետական կոմիտեի ծառայություններից օգտվողներին տեղեկատվություն ստանալ անշարժ գույքերի վերաբերյալ առանց այցելելու որևէ սպասարկման գրասենյակ կամ այլ մարմին, տեղեկատվությունը ստանալ հաշված րոպեների ընթացքում և այդ ծառայություներից օգտվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս