loader
Այսուհետ մայրաքաղաքում չի լինելու ինքնակամ շինարարության որևէ դեպք. Հայկ Մարության

Այսուհետ մայրաքաղաքում չի լինելու ինքնակամ շինարարության որևէ դեպք. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը նախ իր գոհունակությունն է հայտնել բոլոր պատասխանատուներին՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության 2800-ամյակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին մասնավորապես զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել է ամենօրյա հսկողությունը՝ բացօթյա ապօրինի առևտրի և չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխման նպատակով: «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքները գնահատելով անբավարար՝ Հայկ Մարությանը նշել է, որ այս ուղղությամբ պետք է վերանայվի ընկերության աշխատանքների կազմակերպման մեխանիզմը և էլ ավելի խստացվի վերահսկողությունը:

Մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրված իրավախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է խստացնել հսկողությունը և կիրառել խիստ վարչարարություն:

«Այս ոլորտում մենք նույնպես մեծ աշխատանք ունենք տանելու և ցանկալի արդյունքի համար ակնկալում եմ նաև ոստիկանության աջակցությունը: Հասարակությունը պետք է հստակ իմանա, որ այսուհետ մայրաքաղաքում չի լինելու ինքնակամ շինարարության որևէ դեպք, լինելու դեպքում էլ այն կանխվելու է տեղում և անմիջապես»,- նշել է քաղաքապետը:

Խորհրդակցությանը զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Ավարտական փուլում են փողոցների և բակերի ընթացիկ տարվա ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել աշխատանքների որակն ու կատարման ժամանակացույցը;

Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 326 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 241-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 85 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 92 հեռախոսազանգ, որոնցից 54-ին լուծում է տրվել, իսկ 38-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: Քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ այսուհետ անձամբ է հետևելու քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների արձագանքման ընթացքին:

«Այսուհետ ես անձամբ հետևելու եմ նաև այս աշխատանքներին և ստացված տեղեկատվությանը, թե ինչպես ենք մենք արձագանքում մեր բնակիչների խնդիրներին:

«Թեժ գիծ» ծառայությունը մեր քաղաքի զարկերակն է, որին պետք է հետևենք և իմանանք՝ ինչ խնդիրներով է ապրում մեր քաղաքը»,- նշել է Հայկ Մարությանը:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքերին, աշխատակազմի համապատասխան վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում տարվող աշխատանքներին զուգահեռ նախապատրաստական աշխատանքերն իրականացնել նաև քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մարզական, մշակութային և առողջապահական հաստատություններում՝ կենսաապահովման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով:


 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս