loader
Բացվել է Երևան-Լիոն կանոնավոր ուղիղ չվերթ

Բացվել է Երևան-Լիոն կանոնավոր ուղիղ չվերթ

Երևանի և Ֆրանսիայի Լիոն քաղաքի միջև ձևավորված համագործակցության զարգացման նոր հեռանկարներ է ընձեռում ապրիլի 19-ից պաշտոնապես գործարկված Երևան-Լիոն-Երևան կանոնավոր ուղիղ չվերթը: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում առաջին ուղևորներին հանդիսավորությամբ դիմավորել են Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը:

Ընդգծելով Երևանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական և գործընկերային կապերը՝ Դավիթ Գևորգյանը հատկանշել է, որ այս տարի լրանում է երկու քաղաքների համագործակցության 26 տարին, իսկ այս չվերթները կնպաստեն երկկողմ կապերի խորացմանը:

«Մարտին Լիոնի քաղաքապետի Երևան այցի ժամանակ երկու քաղաքապետերը, կարևորելով երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը, ստորագրեցին համագործակցության հուշագիր: Լիոնը մեզ համար կարևոր գործընկեր է, և նոր չվերթի գործարկումը մեծ հնարավորություն է ընձեռելու համագործակցության և մասնավորապես զբոսաշրջության զարգացման առումով»,- նշել է Դավիթ Գևորգյանը:

Ուղևորափոխադրումն իրականացնելու է «Արմենիա» ավիաընկերությունը: Չվերթները կլինեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերն իր հերթին նկատել է, որ Ֆրանսիան ողջունում է կանոնավոր չվերթի մեկնարկը:

«Չվերթի բացումը, անշուշտ, ավելի կսերտացնի Հայաստան-Ֆրանսիա կապերը, հատկապես հաշվի առնելով, որ 2018 թվականը իրադարձային է Երևանի համար: Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի համաշխարհային հնչեղություն ունեցող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը»,-նշել է Ֆլեշերը:

Չվերթի ուղևորները, որոնց թվում ազգությամբ հայեր և ֆրանսիացիներ են եղել, նկատել են, որ Երևանն իրենց համար բացահայտումներով լի ուղղություն է, որը հնարավորություն կտա ծանոթանալու 2800-ամյա մայրաքաղաքին: Միաժամանակ ակնհայտ է ուղիղ չվերթը ավելի գրավիչ է ուղևորների տեսակետից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս