loader

ԲՈւՀ-ի պրոռեկտորը խաբեությամբ հափշտակել է 20 մլն դրամ. նոր մանրամասներ. տեսանյութ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողները համատեղ տարաբնույթ միջոցառումներով օպերատիվ տվյալներ են ձեռք բերել, որ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են տեղի ունեցել: Տեղեկությունների հիման վրա ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր:

Պարզվել է, որ ուսումնական հաստատության նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես և ֆիզիկական դաստիարակության ու տեսության ֆակուլտետի նախկին դեկան Արթուր Խաչատրյանը միջին որակական գնահատական ունեցող մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր միջին որակական գնահատական ունեցող մի ուսանողի, որպեսզի վերջինս խուսափի զորակոչից: Ուսանողուհուն խոստացել են, որ նրա փոխարեն իրենք կվճարեն ուսման վարձը՝ 300.000 դրամ, ինչը չի կատարվել: Պարզվել է նաև, որ ուսումնական չորս տարվա ընթացքում Անահիտ Ֆարմանյանը հրավիրել է դեկանատների գործավարների ժողով ու աշխատակիցներին հանձնարարել, որ դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու նպատակով նրանք յուրաքանչյուր շրջանավարտից վերցնեն 5.500 դրամ: Մեկ ուսումնական տարվա ընթացքում հավաքագրվել է շուրջ 5.000.000 դրամ, չորս տարում՝ 20.000.000: 

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել բարձրագույն ուսումնական հաստատության աշխատակիցների կողմից հանցակցությամբ և պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափով գումար հափշտակելու վերաբերյալ: 
Նախապատրաստված նյութերի հիման վրա Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին՝ հետագա քննության: 

ԲՈՒՀ-ի նախկին պրոռեկտոր 45-ամյա Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ոստիկանության ծառայողները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ: 

Գյումրու բնակիչ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կա՛մ մոտակա ստորաբաժանում, կա՛մ զանգահարել 1-02, 010-59-06-54 հեռախոսահամարներով: 

Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս