loader
Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը

Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը

Հունիսի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ողջունելով Զոհրաբ Մնացականյանին՝ ԵՄ Բարձր ներկայացուցիչը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին՝ հնարավորություն ընձեռելով առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում ընթացող գործընթացներին, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումների և մոտեցումների, առաջին հերթին` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը կարևորել է Եվրոպական միության հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը և վերահաստատել այն առավել ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը, ինչն ամրագրված է կառավարության ծրագրում։

Արտգործնախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի համար այս նշանակալի ժամանակահատվածում Գործընկերության խորհրդի նիստի գումարումը հնարավորություն է ընձեռում անմիջական մտքերի փոխանակում ծավալել Հայաստան-Եվրամիություն համագործակցության լայն օրակարգի շուրջ։ Նա նաև ընդգծել է, որ սա առաջին հանդիպումն է, որը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո հանգամանալից անդրադարձ է կատարելու դրա դրույթների իրագործմանը։

Նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, կառավարության արտաքին քաղաքական գերակայությունները, որոնց հիմքում ընկած է շարունակականության սկզբունքը՝ ուղղված Հայաստանի ազգային շահի պաշտպանությանը։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ժողովրդի ուժեղ մանդատը վայելող նոր կառավարությունն իր գործողություններով ցուցաբերել է մեծ կամք ու պատասխանատվություն՝ կյանքի կոչելու հասարակության բարձր ակնկալիքներն՝ արդարադատության, օրենքի գերակայության, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում հավասար իրավունքների ապահովման ուղղությամբ՝ վճռականորեն արձագանքելու կառուպցիայի սպառնալիքներին և մարտահրավերներին։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարության այդ վճռականությունն աներեր է ու ապացուցվում է գործով։

Այս համատեքստում ԵՄ բարձր հանձնակատարը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում՝ միաժամանակ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին։

Այս առնչությամբ նախարար Մնացականյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը գործընկերների հետ՝ ներառյալ Եվրոպական միության՝ կառավարության բարեփոխումներին ուղղված գործողություններն արդյունավետորեն իրականացնելու ուղղությամբ։

ԱԳ նախարար Մնացականյանը և Բարձր հանձնակատար Մոգերինին վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առաջնահերթությունները համընկնում են:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցերի՝ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, շարժունակության, մարդու իրավունքների, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերին Հայաստանի մասնակցության շուրջ։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը մտքեր են փոխանակելցին տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների ու խնդիրների շուրջ՝ հատուկ շեշտելով այն հարցերը, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստանի անվտանգության օրակարգում։ Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության այն ոլորտներին, որոնք հնարավորություն կընձեռնեն համատեղ աշխատել այդ մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ֆեդերիկա Մոգերինիին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնայնությունները՝ այս համատեքստում վերահաստատելով Հայաստանի կառավարության ծրագրում ամրագրված դրույթները, մասնավորապես՝ Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Բանակցային գործընթացի առաջմղման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի և նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարևորությունը։

Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս