loader
Գնաճի հարցը՝ Հանրային խորհրդում

Գնաճի հարցը՝ Հանրային խորհրդում

Վերջին շրջանում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման հարցը  հունվարի 18-ին քննարկվել է Հանրային խորհրդի նիստում, որին մասնակցել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչություն պետ Արման Մանասերյանը, ՏՄՊՊՀ վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Դավիթ Փինաչյանը:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը բարձրացրել է այն հիմնական հարցերը, որոնք հետաքրքրում են հանրությանը՝ ո՞ր ապրանքատեսակներն են թանկացել և որքան, որո՞նք են գների բարձրացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները (հարկային բեռի ավելացում Հարկային նոր օրենսգրքի ընդունման, ԵՏՄ նոր մաքսատուրերքի, համաշխարհային գների տատանումների, տնտեսվարողների կողմից չարաշահումների հետևանքով, ստվերից դուրս գալու պայքարի արդյունքում գների հնարավոր փոփոխությունները այլն), ինչպե՞ս են այդ փոփոխություններն ազդում բիզնեսի, գյուղատնտեսության և այլ ոլորտների զարգացման վրա, կա՞ն արդյոք հնարավորություններ այդ պատճառների վրա ազդելու և դրանց հետևանքները մեղմելու համար, ստեղծված պայմաններում տեղական արտադրությունը զարգացնելու ի՞նչ ճանապարհներ կան, կարճաժամկետ հատվածում ի՞նչ ծրագրեր կարելի է իրականացնել, որոնք կմեղմեն հատկապես խոցելի խմբերի սոցիալական բեռը:

ՏՄՊՊՀ ներկայացուցիչը հայտնել է, որ հունվար ամսին հիմնական թանկացումները վերաբերել են բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի շուկաներին: Հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարել այդ շուկաներում պարզելու տնտեսվարողների կողմից գների վրա արհեստականորեն ազդելու հնարավորությունները, նախնական արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ շուկայում չարաշահումներ չկան: ՀԽ անդամներից մեկը նկատել է, որ բենզինի գնի բարձրացումը ինչ որ տեղ ձեռնտու չէ նաև բենզին ներմուծողներին, քանի որ դա հանգեցնում է բենզինի սպառման ծավալների նվազման և անցման դեպի սեղմված գազի սպառում:

Խոսելով միջազգային շուկայում ապրանքների գների տատանումների մասին՝ Արման Մանասերյանը նշել է, որ, օրինակ, կարագի գինը միջազգային շուկայում նվազել է, ինչը կամաց-կամաց նկատելի է նաև Հայաստանում, իսկ առաջիկա երկու ամիսներին նվազումն առավել զգալի կլինի: Հանրային խորհրդի անդամներն էլ նկատել են, որ սովորաբար միջազգային շուկաներում գների բարձրացումն անմիջականորեն և ավելի սուր ձևով ազդում է հայաստանյան գների վրա, մինչդեռ միջազգային գների նվազումը համաչափ դրական փոփոխություններ չի առաջացնում մեր շուկայում:

Անդրադառնալով ԵՏՄ մաքսատուրքերի փոփոխության հետևանքով մի շարք ապրանքների գների բարձրացմանը՝ Արման Մանասերյանը նշել է, որ դա առավելագույնը կարող է 4 տոկոսով ազդել ներկրվող ապրանքի գնի վրա, ինչը, սակայն, էական ազդեցություն չի ունենում վերջնական գնի ձևավորման վրա: Նա հավելել է, որ ԵՏՄ մաքսատուրքերի ավելացում նկատվում է այնպիսի ապրանքատեսակների վրա, որոնց արտադրությունը Հայաստանում լավ վիճակում է, կախում չկա դրսի շուկաներից. օրինակ՝ կաթնամթերքը:

ՊԵԿ նախագահի տեղակալը, պարզաբանելով Հարկային նոր օրենսգրքից բխող փոփոխությունները, նշել է, որ օրենսգրքի ընդունումը եկամուտները նվազեցնելու նպատակ չի հետապնդում, և դրա ընդունման հիմքում դրված է մի քանի կարևոր սկզբունք, որոնցից են, օրինակ, տնտեսական աճի խթանումը և պետության ֆինանսական համակարգերի կոնսոլիդացիայի ամրությունը: Նրա խոսքով՝ Հարկային նոր օրենսգրքով նախատեսվում են նաև բազմաթիվ միջոցառումներ, որոնց արդյունքում պետության հարկային եկամուտները նվազում են:

ՊԵԿ ներկայացուցիչը հավելել է, որ Հարկային նոր օրենսգիրքը մի շարք ոլորտների վրա (որտեղ օգտագործվում է դիզելային վառելիք) թողնելու է եթե ոչ դրական, ապա գոնե ոչ բացասական ազդեցություն: Օրինակ՝ բեռնափոխադրումների, հանքարդյունաբերության, շինարարության ոլորտները: Գյուղատնտեսության առումով, սակայն, խնդիր կա, և Հանրային խորհրդի անդամները կարևորել են ոլորտի վրա հնարավոր հետևանքները չեզոքացնող կամ գոնե մեղմող միջոցառումների իրականացումը:

Ամփոփելով գնաճի պատճառներն ու հետևանքները՝ Հանրային խորհուրդը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը նաև հետևանք է երկարաժամկետ հատվածում որոշակի սխալների և բացթողումների և նշել, որ պետությունն իր վրա պետք է վերցնի կարգավորիչ դեր, մշակի մեխանիզմներ ազդելու տնտեսության վրա, սակայն այդ մեխանիզմները պետք է համահունչ լինեն նաև շուկայական ազատ մրցակցության սկզբունքին և միջազգային պարտավորություններին: Հանրային խորհրդի անդամները ևս մեկ անգամ շեշտել են փոքր և միջին բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, տեղական արտադրությունը զարգացնելու անհրաժեշտությունը:

Որոշվել է կազմակերպել նեղ մասնագիտական քննարկում՝ հրավիրելով տնտեսագետների, ոլորտի մասնագետների և համատեղ մշակել իրավիճակի գնահատման, կարճաժամկետ ու երկարաժամկետ առումով լուծումներ նախատեսող կոնկրետ առաջարկների փաթեթ և ներկայացնել ՀՀ կառավարություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս