loader
ՀԱԿ-ը Կառավարությանն առաջարկում է նախաձեռնել անցումային արդարադատության գործընթաց

ՀԱԿ-ը Կառավարությանն առաջարկում է նախաձեռնել անցումային արդարադատության գործընթաց

Հայ Ազգային Կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է.

«2008թ. մարտիմեկյան ոճրագործության բացահայտման նպատակով ձեռնարկված քայլերով կառավարությունն ու իրավապահ մարմինները առաջընթաց են գրանցում Հայաստանում արդարադատության հաստատման ուղղությամբ` քայլ կատարելով նաև պետության նկատմամբ քաղաքացիների վստահությունն ու հարգանքը վերականգնելու համար: Միևնույն ժամանակ, անհերքելի է, որ մարտիմեկյան ոճրագործությունը չի սահմանափակվել միայն մարտի 1-2-ին խաղաղ ցուցարարների գնդակոծությամբ և բռնություններով, այլ դրանից առաջ և հետո` ամիսներ ընդգրկող ժամանակաշրջանում, տարածվել է հազարավոր քաղաքացիների վրա` բազմաբնույթ հալածանքների և հետապնդումների տեսքով: Ավազակապետական իշխանության հրահանգով մարդիկ զանգվածաբար զրկվել են ազատությունից` դատարանի` ակնհայտորեն անարդար վճիռների հետևանքով, հեռացվել են պետական համակարգից կամ աշխատանքից, ունեզրկվել են` կորցնելով սեփականությունը կամ բիզնեսը, ի վերջո` հաճախ կորցրել են նույնիսկ աշխատանք գտնելու իրավունքը` հարկադրված բռնելով գաղթի ճանապարհը: Նրանցից շատերը չեն դիմել իրավունքների պաշտպանության օրենքով սահմանված միջոցների՝ գիտակցելով դրա անհեռանկարայնությունը, քանզի բռնապետության պայմաններում արդարադատությունը չէր գործում, հակառակը, այն դարձել էր ռեժիմի ձեռքում մի պատժիչ գործիք:

Նոր, ժողովրդավարական Հայաստանը պարտավոր է ոչ միայն պատժելու հանցագործներին, այլ նաև վերականգնելու բոլոր քաղաքացիների իրավունքները, որոնք ոտնահարվել են բռնապետության կողմից՝ հենց ժողովրդավարության և սահմանադրական կարգը պահպանելու համար պայքարի ելած քաղաքացիներին հալածելու նպատակով։ Ցավոք, գործող օրենսդրությամբ, անգամ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակում, քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումը բախվում է բազմապիսի օբյեկտիվ խոչընդոտների, քանի որ տասնամյա ժամանակահատվածում սպառվել են բողոքարկումների համար նախատեսված վաղեմության ժամկետները: Ուստի, հազարավոր քաղաքացիների իրավունքները վերականգնելու համար անհրաժեշտ է իշխանության կողմից մի ամբողջ իրավա-քաղաքական գործընթացի նախաձեռնում, որը կներառի արդարադատության վերականգնման հատուկ մարմինների ստեղծում և անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ընդունում:

Հայաստանն առաջին երկիրը չէ, որը, բռնապետությունից անցնելով ժողովրդավարության, բախվում է մարդու իրավունքների համատարած խախտումների և հալածանքների հետևանքով առաջացած խնդիրները լուծելու և արդարությունը վերականգնելու հրամայականին: Հունաստանում 1975-ից հետո, Արգենտինայում` 1983թ., Հարավային Աֆրիկայում` 1995թ., Չիլիյում` 1990-ին, անցկացվել են նման գործընթացներ, որոնք միջազգային պրակտիկայում հայտնի են անցումային արդարադատություն անվամբ: Այդ երկրներում, մասնավորապես, խնդիրը լուծելու նպատակով ստեղծվել են, այսպես կոչված, ճշմարտության և հաշտության պետական հանձնաժողովներ:

Հայ Ազգային Կոնգրեսն առաջարկում է Հայաստանի կառավարությանը նույնպես նախաձեռնել անցումային արդարադատության գործընթաց: Այդ նպատակով ստեղծել Արդարության վերականգնման միջգերատեսչական հանձնաժողով, որում կընդգրկվեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, դատախազության, արդարադատության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ-ի, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը պետք է`

ա) վեր հանի մարտիմեկյան ոճրագործության ընթացքում քաղաքացիների ազատությունների և իրավունքների ոտնահարման բոլոր փաստերը,

բ) պարզի և հաշվառի տուժողների շրջանակը,

գ) առաջարկի անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ և ձեռնարկի կոնկրետ քայլեր քաղաքացիների իրավունքների վերականգնման ուղղությամբ: Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները կվերականգնվեն աշխատանքում, հնարավորություն կստանան վերականգնելու սեփականության և բիզնեսի նկատմամբ իրավունքները կամ կստանան համարժեք փոխհատուցում` կրած զրկանքների դիմաց:

Համոզված ենք, որ ժողովրդավարության հաստատումը և իրավական պետության կայացումը լիարժեք կհամարվի միայն այն ժամանակ, երբ վերացվեն բռնապետության բոլոր հետևանքները, վերականգնվի արդարությունը, և հաստատվի հասարակական համերաշխություն: Միայն այդպիսի գործընթացի իրականցման դեպքում է հնարավոր սոցիալական ներդաշնակության և հաշտության ձեռքբերումը, պետության ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների վստահության ամբողջական վերականգնումը և Հայաստանում հարատև ժողովրդավարության հաստատումը»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս