loader
Հայաստանում էր ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Հայաստանում էր ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Ապրիլի 8-ից 12-ը աշխատանքային այցով Հայաստանում էր ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» և Բարեվարքության հարցերով միացյալ խորհրդատվական խումբը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Այցի նպատակն էր ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Պետական-իրավական պատրաստություն, «Զինվորական առաջնորդություն», «Բարոյագիտություն» առարկաների ուսումնական ծրագրերի կատարելագործման և Բարեվարքության ու լավ կառավարում դասընթացի ներառման շուրջ մասնագիտական քննարկումների անցկացումը:

Ապրիլի 9-ից 10-ը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար անցկացվել է բարեվարքության ամրապնդման հարցերով միջազգային համաժողով: Միջոցառման բացման արարողության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը կարևորել է բարեվարքության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ համագործակցությունը: Համաժողովին զեկույցներով հանդես են եկել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Գերմանիայի, Ռումինիայի, Վրաստանի և Բոսնիա Հերցեգովինայի բարեվարքության ոլորտի առաջատար փորձագետները:

Ապրիլի 11-ից 12-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում անցկացվել են ՆԱՏՕ-ի փորձագետների և ՀՀ ԶՈՒ կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացը համապարփակ լուծելու նպատակով ստեղծված ՊՆ աշխատանքային խմբի քննարկումները: Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացի շրջանակներում իրականացրած աշխատանքները, մասնավորապես՝ ռազմաուսումնական հաստատությունների համապատասխան առարկաների ուսումնական ծրագրերում բարեվարքության և լավ կառավարման վերաբերյալ թեմատիկ նյութերի ներդրման, ինչպես նաև գործընթացի ճանապարհային քարտեզի նախագծերը:

Այցի արդունքներով կողմերը համաձայնեցրել են ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների հետ խորհրդատվական խմբի համագործակցության հետագա ծրագրերը և ուղենիշները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս