loader
Հայկ Մարությանը հյուրընկալել է Մոսկվայի կառավարության նախարար Վլադիմիր Պետրոսյանին

Հայկ Մարությանը հյուրընկալել է Մոսկվայի կառավարության նախարար Վլադիմիր Պետրոսյանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին` քաղաքապետ Հայկ Մարությանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել, որ այս այցը ևս իր դրական ազդեցությունը կունենա երկու մայրաքաղաքների միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու հարցում:

«Մոսկվայի հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումը մեզ համար կարևոր է, և կարծում եմ, որ մենք պետք է առավել հստակեցնենք մեր համագործակցությունն ու կոնկրետ ծրագրեր իրականացնենք 2018-2021թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում: Մոսկվան Երևանի համար իսկապես վստահելի գործընկեր է, և մենք բարձր ենք գնահատում երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված Մոսկվայի կառավարության ջանքերը»,- նշել է Հայկ Մարությանն ու իր շնորհակալությունը փոխանցել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին՝ քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ իրեն հղած շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը նախ շնորհավորել է Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով ձեռքբերումներ պատասխանատու աշխատանքում: Վլադիմիր Պետրոսյանն ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ փոխգործակցությունն ու վստահեցրել, որ այն ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական են:
 

«Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ իմ հերթին կանեմ հնարավորը, որպեսզի ընդլայնվեն փոխգործակցության շրջանակները Երևանի և Մոսկվայի միջև: Մոսկվայի կառավարության համար անչափ կարևոր է երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդումը, և ես վստահ եմ, որ փոխգործակցության շրջանակում կգտնվեն համատեղ մոտեցումներ՝ քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման ու առկա խնդիրների լուծման առումով»,- նշել է Վլադիմիր Պետրոսյանը:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս