loader
ՀՅԴ-ն իր մտահոգությունն է հայտնում ավագանու նիստում տեղի ունեցածի կապակցությամբ

ՀՅԴ-ն իր մտահոգությունն է հայտնում ավագանու նիստում տեղի ունեցածի կապակցությամբ

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում 2018թ. փետրվարի 13-ին Երևան քաղաքի ավագանու նիստում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:

Առաջին հերթին անթույլատրելի է Երևան քաղաքում բազմաթիվ կենցաղային խնդիրների առկայությունը և դրանց նկատմամբ քաղաքապետարանի շարունակական անտարբերությունը, երբ այդ խնդիրները բազմիցս բարձրացվել են քաղաքացիների կողմից, իսկ դրանց լուծման ուղղությամբ որևէ տեսանելի քայլ չի արվել:

Երկիր Ծիրանի կուսակցության կողմից ակցիայի հարցի բարձրացման ձևը կարելի է քննարկել և չհամաձայնվել: Ամեն դեպքում աննպատակահարմար է քաղաքում գոյություն ունեցող խնդիրների բեմականացված ներկայացումը ավագանու նիստում: Խնդիրները ներկայացնելու առավել ընդունելի տարբերակներ կան, և կարծում ենք՝ այդ տարբերակները սպառված չեն: Սակայն դա ոչ մի ձևով չի արդարացնում ավագանու մեծամասության կողմից, մեղմ ասած, ոչ քաղաքակիրթ և մարդու իրավունքների բոլոր նորմերը խախտող վարքի դրսևորումները, որին ականատես եղանք բոլորս:

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն դատապարտում է տեղի ունեցած բռնությունը քաղաքի ավագանու երեկվա նիստի ընթացքում և կոչ է անում խնդիրների լուծումները գտնել քաղաքակիրթ ձևով՝ չնսեմացնելով քաղաքի կառավարման  բարձրագույն մարմնի ինստիտուտը:

Մենք հետամուտ ենք լինելու մեր քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ քաղաքապետարանի կատարած քայլերին: Այն, որ Երևան քաղաքի կառավարումն ունի բազմաթիվ խնդիրներ, ոչ մեկի համար նորություն չէ: Դրանց լուծման համար արված քայլերը և խոչընդոտները պետք է հրապարակվեն, որպեսզի քաղաքում գործող բոլոր կառույցները հնարավորություն ունենան իրենց ներդրումն ունենալու, և քաղաքացիներն իրազեկ լինեն խնդիրների լուծման ամբողջ գործընթացին:

Մեզ համար առաջնահերթ է երևանցու պատշաճ ապրելու իրավունքը և իր բարձրացրած հարցերի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կատարած առարկայական քայլերը և իրազեկումը: Միայն այդ ձևով մենք կարող ենք խուսափել խնդիրների բարձրացման բեմականացված տարբերակից: Քաղաքապետարանի ավագանին պարտավոր է ստանձնել այդ դերը, ինչի համար ստացել է քաղաքացիների վստահության քվեն:

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս