loader
 Կարեն Կարապետյան․ Մի կենտրոնացեք միայն բնակարանաշինության վրա

Կարեն Կարապետյան․ Մի կենտրոնացեք միայն բնակարանաշինության վրա

Վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ կառավարությունում կայացած խորհրդակցությանը քննարկվել են կառուցապատման թույլտվության ընթացակարգերի պարզեցմանն ու շինարարության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են կառուցապատող և շինարարարական ընկերությունների և համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է շինարարության ոլորտի զարգացումը ու նման պարբերական հանդիպումների ձևաչափով պատրաստ է քննարկել առկա խնդիրների լուծմանը և բիզնես ծրագրերի խթանմանը միտված առաջարկությունները:
Կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ոլորտի օրենսդրական և գնագոյացման նորմատիվային դաշտերի բարելավմանը, հարկային վարչարարության պարզեցմանը, կադաստրային ընթացակարգերի հստակեցմանը և մի շարք այլ ուղղությունների: 
Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ մեկ շաբաթվա ընթացքում կառուցապատողների հետ մանրամասն քննարկել բարձրացված խնդիրների հնարավոր լուծումները, իսկ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ ամփոփել քննարկումների արդյունքները և զեկուցել իրեն: Վարչապետ Կարեն Կարապետյանը նաև ընդգծել է, որ շինարարության ոլորտի հետ առնչվող պետական մարմինների աշխատանքում իրականացվող բարեփոխումները և նրանց կողմից ներկայացվող առաջարկությունները միտված են այս բնագավառի զարգացման խթանմանը:

 «Բոլոր առաջարկությունները մենք դիտարկում ենք օրինապաշտ հարկատուի վրա ազդեցության տեսանկյունից. եթե կոնկրետ փոփոխությունը էֆեկտիվ է լինելու ոչ օրինապաշտ հարկատուին հարկային դաշտ բերելու առումով, բայց օրինապաշտ հարկատուն դրանից տուժելու է, այդ առաջարկը մերժվում է՝ անկախ դրա հրապուրիչ լինելուց», -ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը կառուցապատողների և շինարարների ուշադրությունը հրավիրել է նաև մարզերում զբոսաշրջային ու ենթակառուցվածքների ոլորտներում զարգացման հնարավորությունների վրա.

 «Ես կարծում եմ, որ մենք կառուցապատման մեջ (ոչ միայն քաղաքաշինություն, բնակարանաշինություն) ունենալու ենք բավական հետաքրքիր դաշտեր, որոնք լցնելու խնդիր է լինելու. դրանք հյուրանոցներն են, զբոսաշրջային ենթակառուցվածքները: Ջերմուկում, Ծաղկաձորում մենք շատ հետաքրքիր իրավիճակ ունենք: Օրինակ, Ջերմուկի դեպքում՝ հյուրանոցները կառուցում են, ինչը ֆանտաստիկ ծանր բիզնես է, շատ երկար վերադարձվող փող, այդտեղ փողը ներդնում են, ենթակառուցվածքային որևէ բան չենք սարքում, որը 2 տարվա մեջ հետ է վերադարձվում: Ուշադրություն դարձրեք Վանաձորի վրա, Գյումրու վրա. մինչև դեկտեմբերի 7-ը Գյումրու կենտրոնը, հրապարակը, հարակից փողոցը, ամեն ինչը բերում ենք շատ լավ վիճակի: Մենք իրականում այդպիսի բիզնեսներ ունենք, որոնց մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ է: Մի կենտրոնացեք միայն բնակարանաշինության վրա»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս