loader
Կարեն Կարապետյանի հանձնարարականները

Կարեն Կարապետյանի հանձնարարականները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել: 

«2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դրական ցուցանիշները պետք է պահպանվեն և կատարելագործվեն»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը և հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարներին, ինչպես նաև մարզպետներին հետևողական շարունակել աշխատանքները և պահպանել կառավարության բնականոն գործունեության ռեժիմը: 

Կարեն Կարապետյանն անդրադարձել է հասարակական կարգի և կանոնների պահպանման հարցին: «Հասարակական կարգը և կանոնները պետք է պահպանվեն, միաժամանակ հարկավոր է ընդգծել զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության պահպանման կարևորությունը»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը և առաջարկել իրավապահ մարմինների ղեկավարներին ձեռնարկել միջոցներ՝ հասարակական բնականոն կարգի՝ բոլորի կողմից պահպանման և հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության մոտեցման շարունակության ուղղությամբ:

ՀՀ էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման և կառավարման հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման և կառավարման հայեցակարգը: Հայեցակարգի նպատակն է առաջիկա տասը տարիների ընթացքում գազային կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի 18-20 տոկոսը փոխարինել այլընտրանքային աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայով` գազային կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիան ուղղելով արտահանման: Դրա համար անհրաժեշտ է արդյունավետ կառավարել այլընտրանքային աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիան: Հայեցակարգն ամրագրում է ՀՀ կառավարության՝ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում արտադրող հզորությունների ավելացմանը զուգահեռ կուտակիչ կայանների զարգացման տեսլականը: Փաստաթուղթը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, ինչը կբարձրացնի ՀՀ էներգետիկ անվտանգության աստիճանը: Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրակուտակիչ կայանների ներդրման, դրանց հետ աշխատանքի փորձի ձեռք բերման և դրանց տնտեսական արդյունավետության ճշգրիտ գնահատման նպատակով առաջարկվում է կառուցել և շահագործման հանձնել առաջնեկային (պիլոտային) էլեկտրակուտակիչ կայան:

Հայեցակարգով նախատեսված քայլերի իրականացման արդյունքում կկազմվի և ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի hանրապետությունում այլընտրանքային էներգետիկայի զարգացման ռազմավարությունը, որը կներառի առաջիկա տասը տարիների ընթացքում Հայաստանում արևային, հողմային և այլընտրանքային այլ աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության և կուտակման անհրաժեշտ ծավալները, արտադրող և կուտակիչ հզորությունների նկարագրությունը, դրանց գործարկման ժամանակացույցը և ֆինանսավորման սկզբունքները:

Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը հաստատել է արևային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը, որը ձևավորվել է միջազգային մրցույթի արդյունքում: «Աննախադեպ սակագին սահմանեցինք՝ 4,19 ցենտ: Այսօր աշխարհում նման ցածր սակագին գոյություն չունի, ինչը նշանակում է, որ Հայաստանում մեծ թափով կսկսի զարգանալ արևային էներգետիկան»,-նշել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանը: Նա հայտնել է նաև, որ հայեցակարգով նախատեսվում է մինչև տարեվերջ Հայաստանում կառուցել կուտակիչ կայան՝ 14 ՄՎտ կուտակային հզորությամբ, որ կլինի աշխարհում թվով 10-րդը: «Այսինքն՝ Հայաստանը կմտնի այն տասնյակի մեջ, որոնք արդեն իրենց երկրներում զարգացրել են արևային առաջավոր տեխնոլոգիաները»,-նշել է նախարարի պաշտոնակատարը: 

Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ Կարեն Կարապետյանը դրանք համարել է հեղափոխություն՝ էներգետիկայի ոլորտում: «Արևային ռեսուրսի առումով Հայաստանը գտնվում է ամենալավ երկրների շարքում: Եվ այս կուտակիչ տեխնոլոգիան կիրառելու դեպքում՝ մենք մոտակա տարիներին մեր էներգետիկ անվտանգությունն ու կախվածությունն այլ էներգառեսուրսներից փոխում ենք: Արևային էներգետիկայի առումով Հայաստանն այսօր գտնվում է ամենազարգացած երկրների շարքում»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ սահմանված սակագինն ավելի ցածր է, քան փոքր ՀԷԿ-երի սահմանած սակագինը: Կարեն Կարապետյանը հայտնել է նաև, որ հանձնարարվել է նախարարությանը վերանայել 2036թ. էներգետիկայի զարգացման ծրագիրը:

Հավանություն է տրվել «ՀՀ 2017 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին: Ըստ այդմ՝ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 1,237,780,767.4 հազար դրամ է, ծախսերի գծով` 1,504,802,229.8 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 267,021,462.4 հազար դրամ:
 

 Աջակցություն կտրամադրվի տարերային աղետներից, գազի բալոնի պայթյունից տուժած համայնքների բնակիչներին

Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ մարզպետարաններին՝ տարերային աղետի, գազի բալոնի պայթյունի հետևանքով առաջացած վնասները վերականգնելու և տուժած համայնքների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար: Հիմնավորման համաձայն՝ ֆինանսական միջոցներն ուղղվելու են ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի համայնքների բազմաբնակարան շենքերին պատճառված վնասների վերացմանը, ինչպես նաև ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերի համայնքների բնակիչներին տարերային աղետի հետևանքով առաջացած բազմաթիվ վնասների վերականգնմանը: Ակնկալվում է, որ ֆինանսական աջակցություն կստանա ընդհանուր առմամբ 367 մարդ:

Կնվազեցվի ՔԿԱԳ ոլորտի վարչարարությունը

Կառավարությունը փոփոխություն է կատարել «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ, առաջարկվում է ՔԿԱԳ պետական գրանցման վկայականի վրա զետեղել արագ արձագանքման կոդ («QR kod») կամ հսկիչ համարանիշ, որը հնարավորություն կտա համացանցի միջոցով ստուգել ՔԿԱԳ պետական վկայականի իսկությունը, ինչը կհանգեցնի վարչարարության նվազեցմանը: Ըստ հիմնավորման՝ 2018 թ. մայիսին նաև իրականացվելու է քաղաքացիական կացության ակտերի միասնական էլեկտրոնային համակարգի համակցումը «էլեկտրոնային հյուպատոս» համակարգին, որի շրջանակում օտարերկրյա պետություններում հյուպատոսական հիմնարկները քաղաքացիական կացության ակտային գրանցումները կատարելու են e-civil համակարգում:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է «Հողամասի փոխանակության թույլտվություն տալու և հողամաս ամրացնելու մասին» որոշումը, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թ. օգոստոսի 6-ին կնքված վարկային համաձայնագրով հաստատված Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակում ՀՀ Կոտայքի մարզում անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենք կառուցելու համար անհրաժեշտ հողամասով ապահովելու անհրաժեշտությամբ: Արդյունքում կապահովվի անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցումը, Հրազդանի տարածաշրջանի համայնքներում կբարձրանա անասնաբուժական ծառայությունների մատուցման արդյունավետությունը:

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին սահմանված դրույթները համապատասխանեցնելու համար: Հիմնավորման համաձայն՝ վերոնշյալ օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում են ուսուցչի օգնականի հաստիքներ, որոնց թիվը որոշվում է տվյալ դպրոցում սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկի հարաբերակցությունից: 
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Կառավարության նիստի օրկարգում ընդգրկված բոլոր հարցերն ընդունվել են: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս