loader
Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, 2018 թվականի մարտի 15-ին Արարատի մարզային քննչական վարչությունում դատախազությունից ստացվել է «Fnews.am» տեղեկատվական հարթակում հրապարակված հոդվածն առ այն, որ լրագրող Գայանե Զարգարյանն Արարատի մարզի Կանաչուտ գյուղում նկարահանումներ իրականացնելիս ենթարկվել է հետապնդման։ Նույն օրը ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, լրագրողը հրավիրվել է քննչական վարչություն։

Նյութերի նախապատրաստման ընթացքում լրագրողը պնդել է հոդվածում նշված հանգամանքները և հայտնել, որ Կանաչուտ համայնքում գտնվող՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Ա.Սարգսյանին պատկանող տունը նկարահանելիս խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը։

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ մարտի 16-ին Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, քննության առարկա դարձվել միջադեպին առնչվող տեսագրությունները։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս