loader
Մայր Աթոռը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի վերջին զարգացումներին

Մայր Աթոռը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի վերջին զարգացումներին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը լուրջ անհանգստություն է առաջ բերել ինչպես Հայ Եկեղեցում, այնպես և քրիստոնեական Քույր Եկեղեցիների
ու կրոնական այլ հարանվանությունների մոտ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի վերջին զարգացումներին:

«Հայ Եկեղեցին կարևոր դերակատարություն ունի Ս. Տեղյաց պահպանության գործում: Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունն է իրականացնում իր ուխտյալ միաբանությամբ դժվարին այդ առաքելությունը` քրիստոնյաներիս համար սրբազան այդ հողում պաշտպանելով հայոց պատմական ներկայությունը և դարերով ձևավորված կանոնակարգերն ու իր իրավունքները: Վստահ ենք, որ միջազգային հանրության կողմից ամեն ջանք կգործադրվի հանուն խաղաղության, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների դարավոր իրավունքների հարգման ու անխաթար պահպանման համար:

Մայր Աթոռը Երուսաղեմի Հայոց պատրիարքության հետ համախորհուրդ անհրաժեշտ քայլերը կձեռնարկի այս ուղղությամբ»,– «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս