loader
Մեծ արվեստից մեծ սպասելիքներ. Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Կինոյի տուն

Մեծ արվեստից մեծ սպասելիքներ. Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Կինոյի տուն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  այցելեց Կինոյի տուն: Արմեն Սարգսյանը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ շրջեց Կինոյի տան ամբողջ տարածքում, ծանոթացավ այդտեղ հետագայում կառուցվելիք կինոթանգարանին վերաբերող ծրագրերին և Կինոյի տան բուխարու սրահի պատին, որտեղ ստորագրել են այնպիսի մեծանուն մարդիկ, ինչպիսիք են Վիլյամ Սարոյանը, Էմիր Կուստուրիցան և այլք, թողեց իր ստորագրությունը:

Նախագահը պատին գրեց. «Մեծ սպասելիքներով` մեծ արվեստի»:

«1980-ականների վերջին եմ եղել Կինոյի տանը: Եթե ցանկանում էիր Երևանում ֆիլմ դիտել, շատ տարօրինակ վայրերում էր հնարավոր դա անել. մեկը ԱԱԾ-ի ակումբն էր: Այնտեղ էին ցուցադրվում արևմտյան կինոնկարներ, և երբեմն դժվար էր լինում տոմս գտնել: Այդպիսի վայր էր նաև Կինոյի տունը, որտեղ ներկայացվում էին ժամանակակից և’ իտալական, և’ ֆրանսիական, երբեմն նաև ամերիկյան ֆիլմեր»,- նշեց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը հավելեց, որ 1960-70-ական թվականներին հայկական կինոարվեստը զարթոնք էր ապրում, և Խորհրդային Միության տարիներին հայ կինոն փայլուն օրինակներ ունեցավ, որոնք դասական են և մինչ օրս  կարելի է դրանք նորից ու նորից դիտել. խոսքը ինչպես գեղարվեստական, այնպես էլ փաստավավերագրական կինոժապավենների մասին է:

«Ինձ համար այս շրջայցը հիշողություն էր: Կարծում եմ` ամեն բան վերականգնվելու է: Երբ Հարություն Խաչատրյանը ինձ էր ներկայացնում իր ծրագրերը, մտովի պատկերացնում էի, թե ինչ գեղեցիկ վայր է լինելու սա: Ամեն ինչ պետք է անել, որ որքան հնարավոր է շուտ Կինոյի տունը դառնա իսկապես տուն բոլոր երևանցիների, բոլոր հայերի և, առհասարակ, մեր հյուրերի համար: Կինոարվեստը չի մեռնում. Հակառակը` այն ամեն տարի նոր տեխնոլոգիաների հետ, նոր մտքերի, նոր աշխարհի հետ փոխվում է և դառնում ավելի ու ավելի կարևոր»,- ընդգծեց նախագահը և հաջողություն մաղթեց Կինեմատոգրաֆիստների միությանը:

Կինոյի տունը կառուցվել է  1975 թվականին: Նույն տարում բացվել է դրա մեծ դահլիճը: Այդ տարիներին դահլիճին մեծ նշանակություն չեն տվել, քանի որ այդ ժամանակ Հայաստանում 700 կինոթատրոն է եղել: Դրանց ցանկում Կինոյի տան մեծ դահլիճը հերթականն էր: Մինչև «Ռոսիա» կինոթատրոնի բացումը, այն եղել է ամենամեծը Հայաստանում: Այդտեղ են իրականացել «Հայֆիլմ» կինոստուդիայի բազմաթիվ հայտնի ժապավենների պրեմիերաները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս