loader
Մեղավորները պատասխանատվության կենթարկվեն. ռուսական ռազմաբազայի պաշտոնյան ներողություն է խնդրել

Մեղավորները պատասխանատվության կենթարկվեն. ռուսական ռազմաբազայի պաշտոնյան ներողություն է խնդրել

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:

Հանդիպման սկզբում Կարեն Սարուխանյանը մտահոգություն է հայտնել տեղի ունեցածի առնչությամբ, նշելով, որ այսօրինակ բացթողում աշխատանքներում անթույլատրելի է, հատկապես, եթե անհանգստություն է պատճառվել համայնքի ազգաբնակչությանը: 

Ալեքսեյ Պոլյուխովիչը նախապես ներողություն է խնդրել և նշել, որ միջադեպը անփութության արդյունք է. «Ես վստահեցնում եմ ձեզ, պարոն մարզպետ, որ այսուհետ նման բացթողում մեր աշխատանքներում չի լինի, զորավարժանքներն անցկացվել են ռազմաբազայի մարտական պատրաստվածության բարձրացման նպատակով: Մենք հասկանում ենք, որ ազգաբնակչությունը անհանգստացել ու վախեցել է, ընդունում ենք, որ թերացել ենք ու հավուր պատշաճի չի տեղեկացվել համայնքը: Անցկացնելու ենք ծառայողական քննություն և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»:

Շիրակի մարզպետը կարևորել է աշխատանքներում համագործակցությունը և անցկացվելիք վարժանքների մասին ժամանակին ու պատշաճ տեղեկացումը, որպեսզի այսուհետ նման միջադեպերը բացառվեն: Ըստ Ալեքսեյ Պոլյուխովիչի ռազմաբազան առաջիկայում անցկացնելու է բաց դռների օր, բնակիչները հնարավորություն են ունենալու շփվելու և ծանոթանալու բազայում իրականացվող աշխատանքներին:

Կարեն Սարուխանյանը ռազմաբազայի հրամանատարի տեղակալի հետ զրույցում կարևորել է նաև Շիրակացի փողոցի վրա տեղադրված բետոնյա արգելապատնեշների հեռացման, ինչպես նաև «Կամխուտ» հրաձգարանի ցանկապատման խնդրի լուծումը:

Ալեքսեյ Պոլյուխովիչը վստահեցրել է, որ բարձրացված հարցերի վերաբերյալ կզեկուցի 102-րդ ռազմաբազայի հրամանատարին և մարզպետի հետ առաջիկայում կայանալիք հանդիպման ժամանակ հնարավորություն կլինի զրուցել դրանց լուծման համար ձեռնարկված քայլերի մասին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս