loader
Մենք պետք է անենք հնարավոր առավելագույնը՝ Հրազդանի երբեմնի հռչակը վերականգնելու համար. Սուրեն Պապիկյան

Մենք պետք է անենք հնարավոր առավելագույնը՝ Հրազդանի երբեմնի հռչակը վերականգնելու համար. Սուրեն Պապիկյան

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ՀՀ ԱԺ«Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Լիլիթ Ստեփանյանին Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ՝ նախարար Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ քաղաքը թևակոխում է զարգացման նոր փուլ և Լիլիթ Ստեփանյանն օժտված է անհրաժեշտ բոլոր որակներով՝ քաղաքում երկար սպասված դրական փոփոխություններ բերելու համար։ 

«Հրազդանի մոռացված լինելը, քաղաքում առկա սոցիալական, տնտեսական, բնապահպանական բազմաթիվ խնդիրները պայմանավորված են եղել անուշադիր, անխնամ և սխալ վարչական վարվեցողությամբ, ուստի մենք պետք է անենք հնարավոր առավելագույնը՝ Հրազդանի երբեմնի հռչակը վերականգնելու համար»,- ասել է Սուրեն Պապիկյանը։

Իր խոսքում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ Հրազդանի ներկայիս վիճակը հարիր չէ մարզկենտրոնին և այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել լրջագույն բարեփոխումներ, և այդ բարեփոխումները պետք է սկսել հենց այսօրվանից՝ միաժամանակ հավելելով, որ այս գործընթացում ՏԻՄ օրենքը պետք է դառնա համայնքների պաշտոնյաների գործունեության առաջնորդման սեղանի գիրքը։ Ավարտելով՝ մարզպետը իր գործուն աջակցությունն է հայտնել Լիլիթ Ստեփանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Պատգամավոր Սասուն Միքայելյանը ևս շնորհավորել է Լիլիթ Ստեփանյանին և վստահեցրել, որ թիմային աշխատանքի միջոցով կկարողանան լուծել հրազդանցիներին երկար տարիներ հուզող հարցերը։

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարձր վստահության համար և ընդգծել, որ թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորվել է մի նոր իրողություն, որի պայմաններում հանրային քաղաքականության մշակման և իրականացման գործում առանցքային է դարձել կանանց մասնակցության քաղաքական նոր մշակույթը։

Ներկայացնելով Հրազդան քաղաքի հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում առկա բազմաթիվ և բազմազան խնդիրները՝ Լիլիթ Ստեփանյանը վստահությամբ արձանագրել է, որ թիկունքում ունենալով իրեն ներկայացնող քաղաքական թիմի աջակցությունը` պատրաստ է ներդնել իր ողջ ներուժը` սեղմ ժամկետներում քաղաքում բարձր ցուցանիշներ ապահովելու համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս