loader
N զորամասի ճաշարանի նախկին պետը և ավագ խոհարարը պարենամթերքը յուրացրել են. մեղադրանք է առաջադրվել 4 անձի

N զորամասի ճաշարանի նախկին պետը և ավագ խոհարարը պարենամթերքը յուրացրել են. մեղադրանք է առաջադրվել 4 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել N զորամասում սննդի բաշխման գործընթացում. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասի ճաշարանի նախկին պետը և ավագ խոհարարը 2009-2016թթ. ընթացքում սննդի բաշխման ժամանակ զորամասի անձնակազմին տրամադրել են սահմանված քանակներից քիչ պարենամթերք, իսկ մնացածը՝ հափշտակել:

Իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է նաև, որ զինվորների համար նախատեսված մթերքի յուրացման մասին տեղյակ է եղել նաև զորամասի հրամանատարի՝ թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը՝ կոչումով փոխգնդապետ, սակայն ըստ վերադասության չի զեկուցել, չի կազմակերպել համապատասխան ստուգում՝ այդպիսով օժանդակելով նրանց՝ 2015- 2016թթ. հոկտեմբերը ներառյալ՝ ճաշարանի պետից ստանալով պարենամթերք:

Բացի այդ, պարզվել է նաև այն անձի ինքնությունը, ով գումարի դիմաց ձեռք է բերել գողացված պարենամթերքը՝ նախապես իմանալով, որ այն հափշտակվել է զորամասից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի. զորամասի ճաշարանի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ճաշարանի նախկին ավագ խոհարարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, փոխգնդապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս