loader
Նիկոլ Փաշինյանը և Ու Յուն Գընը անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Նիկոլ Փաշինյանը և Ու Յուն Գընը անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով դեսպանին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք կարևորում են հայ-կորեական հարաբերությունների շարունակական զարգացումը նաև այն համատեքստում, որ Հայաստանում ցանկանում ենք իրականացնել տնտեսական քաղաքականության մեջ այնպիսի հեղափոխություն, ինչպիսին տեղի է ունեցել Կորեայի Հանրապետությունում»:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Կորեայի Հանրապետությունից ներդրումների ներգրավմամբ և համատեղ ծրագրերի իրականացմամբ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ Հայաստանը միակողմանիորեն Կորեայի քաղաքացիներին ազատել է մուտքի արտոնագրի պահանջից և հույս հայտնել, որ դա կնպաստի երկու երկրների քաղաքացիների միջև կապերի սերտացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Նիկոլ Փաշինյանը, խոսելով կորեական թերակղզում քաղաքական իրադարձությունների մասին, ողջունել է իրականացվող այն քայլերը, որոնք միտված են լարվածության նվազեցմանը:

Ու Յուն Գընը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Նիկոլ Փաշինյանին փոխանցել Կորեայի Հանրապետության նախագահի ջերմ ողջույնները: Դեսպանն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է հայ գործընկերների հետ կիսվել տնտեսական ոլորտում իրականացված քաղաքականության փորձով և հավելել, որ իրենք ևս շահագրգիռ են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմամբ: Նա վստահություն է հայտնել, որ հոկտեմբերի 19-ին Երևանում ստորագրվելիք Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը նոր թափ կհաղորդի բիզնես կապերի ընդլայնմանը: Ու Յուն Գընը տեղեկացրել է, որ այս օրերին Հայաստանում են գտնվում մի խումբ կորեացի գործարարներ, ովքեր ուսումնասիրում են Հայաստանի ներդրումային միջավայրն ու շահագրգռված են ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ երկու կորեաների միջև առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն աջակցություն ցուցաբերելու համար:

Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ վերը նշված համաձայնագիրը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանն առաջին անգամ դիտորդի կարգավիճակով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար և շնորհակալություն հայտնել այդ երկրի կառավարությանը՝ մինչ այժմ Հայաստանին ցուցաբերած տեխնիկական օժանդակության, ինչպես նաև Հայաստան գաղթած սիրիահայերին աջակցելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը՝ ԼՂ հիմնախնդրի հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս