loader
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան. Արմեն Սարգսյան

Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Աարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ, որում, մասնավորապես նշված է.

 

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

1991 թվականի այս օրը մենք հրապարակավ ձևակերպեցինք ձայնի մեր իրավունքը: Այսօր որպես անկախ պետություն, մենք վստահորեն խոսում ենք Իրավունքի ձայնով: 

Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ: Այսօր ունենք նոր ձգտումներ, որոնք ծնվում են ամեն օր, յուրաքանչյուրիս մեջ: Պետք է մեզ պատրաստ և ունակ զգանք դրանք իրականություն դարձնել Նոր Հայաստանում: Այսօրվա Հայաստանի առաջին ընկալումը պետք լինի այն, որ այն մի նոր միջավայր է, որը պետք է ձևավորվի յուրաքանչյուրիս կողմից։

Մեզ պարտավորեցնում են այն մարդկանց հիշատակները, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն անկախության, ովքեր մոտեցրին այն, բայց չհասցրին տեսնել: Մենք պարտք ունենք նրանց առաջ: 

Մեր պատմության դասերից մեկն այն է, որ մենք հաղթանակների հասել ենք, երբ միասնական ենք եղել։ 

Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան։ 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հպարտանալով անցյալով կամ նախկինում ունեցած ձեռքբերումներով՝ մենք պետք է ավելի մեծ ոգևորությամբ ու ստեղծագործաբար մոտենանք ապագային: 

Մեր միտքը և կարողությունները պետք է առաջ ընկնեն զգացմունքներից ու մեր երկիրը դարձնեն աշխարհի ընթացքին ավելի համահունչ: Ժամանակը մեզ անընդհատ մղում է առաջ՝ հասկացնելով, որ որպես պետություն, որպես ժողովուրդ ուշանալու իրավունք չունենք: Մենք պետք է շարժվենք առաջընթացի ճանապարհով՝ Սահմանադրության նկատմամբ անվերապահ հարգանքի, հանրության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և իշխանության բոլոր ճյուղերի կողմից պետության հանդեպ մեծ պատասխանատվության գիտակցումով:

Որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք, մենք մեկ ամբողջություն ենք համաշխարհային միջավայրում: 

Ուրեմն՝ ունենք շատ ավելի մեծ ներուժ և հնարավորություն, քան պատկերացնում ենք: 

Դարձնենք այդ բոլորը մեր հետագա հաղթանակների շարժիչ ուժը, դարձնենք բոլորս միասին՝ Հայաստանի բոլոր քաղաքացիներով, աշխարհասփյուռ հայությամբ, համահայկականությամբ: 

Սիրելի՛ հայրենակիցներ, 

Մեր ընտանիքներում սովոր ենք ընտանեկան տոները նշել միասին և միասնական։ Մեր ազգային տոնը մեր մեծ հայկական ընտանիքի տոնն է, այսօրվա Հայաստանի Հանրապետության ծննդյան օրը, մեր մեծի ու փոքրի, զինվորի և աշխատավորի, մտավորականի և ուսանողի, բոլորիս տոնը։ 

Շնորհավորում եմ բոլորիս համազգային և համապետական տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, երջանկություն և լավատեսություն»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս