loader
Փաշինյան. Գյուղմթերքի արտահանումը պետք է իրականացվի պահանջներին համապատասխան

Փաշինյան. Գյուղմթերքի արտահանումը պետք է իրականացվի պահանջներին համապատասխան

Այսօր՝ կառավարության նիստին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանից հետաքրքրվեց՝ ինչու իրեն չեն զեկուցել «Ռոսսելխոզնադզոր»-ից ստացված նամակների մասին:

«Տեղեկացա, որ ՍԱՊԾ ղեկավարը մայիսի 10-ին և 16-ին նամակներ է ստացել «Ռոսսելխոզնադզոր»-ից, ինձ համար անակնկալ էր, որ տեղյակ չեմ այս նամակների մասին:

Նամակները կոնկրետ իրավիճակ են ներկայացնում, հարցն ունի կարևոր նշանակություն: Վարչապետի պաշտոնը ստանձնելիս զանգել և հարցրել եմ՝ խնդիրներ ունե՞նք գյուղմթերքի արտահանման ոլորտում: Ասել եք, թե խնդիր չկա: Իմանալով, որ անձամբ այդ հարցով հետաքրքրված եմ, ո՞ւմ եք զեկուցել տվյալ խնդրի մասին և ի՞նչ գործողություն եք կատարել խնդիրը լուծելու համար»,- ասաց վարչապետը:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը նշեց, որ նման նամակները կրում են պարբերական բնույթ և դրանց վերաբերյալ հարցը քննարկել է ռուս գործընկերների հետ, գյուղնախարարի հետ, փորձել է կապվել նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, սակայն չի հաջողվել: Ըստ Կարապետյանի՝ նամակները վերաբերել են մեկ ընկերության և Վերին Լարսում իրականացվող ուժեղացված մոնիթորինգային ծրագրին:

«Աշխատանքային կարգով փորձում ենք կարգավորել խնդիրները: Դրանք հիմնականում վերաբերում են ապրանքների մակնշմանը, որը հաճախ մեր արտահանողները չեն կարողանում ներկայացնել»,- ասաց ՍԱՊԾ պետը:

Արձագանքելով՝ Փաշինյանն ասաց, որ նամակներում գրված է եղել ֆիտոսանիտարական խնդիր:  

«Արտահանվող բեռում անհապատասխանություն է հայտնաբերվել, բեռը ետ է ուղարկվել և կրկին վերարտահանվել է: Խնդիրը կրում է համակարգային բնույթ, չունենալով լոգիստիկ, փաթեթավորման կարողություններ, տնտեսավարողներն ապրանքներն արտահանում են երկրորդային օգտագործված արկղերով և թերի մակնշմամբ: Իրազեկում ենք իրականացնում արտահանող տնտեսավարողների շրջանում, վերջին երեք օրվա ընթացքում Վերին Լարսից մենք որևէ ահազանգ չենք ստացել: Խնդիրը գնում է կարգավորման»,- ասաց Իշխան Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարեց, որպեսզի  իրականացվեն համապատասխան աշխատանքներ, որպեսզի  նման իրավիճակներ հետագայում չառաջանան:

«Պարտավոր եք ապահովել, որպեսզի այս իրավիճակը չկրկնվի, և գյուղմթերքի արտահանումն իրականացվի պահանջներին խստիվ համապատասխան: Ակնկալում եմ, որ այս հարցը քննարկում ենք վերջին անգամ»,- ասաց Փաշինյանը:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս