loader
ՊԵԿ. Հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարվելու է միանվագ

ՊԵԿ. Հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարվելու է միանվագ

Ինչպես հայտնի է ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի թիվ 861-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել օգոստոսի 12-ին, սահմանվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման նոր կարգ, հայտնում է պետական եկամուտների կոմիտեն:

Մասնավորապես նախատեսվել է, որ.

  1. Սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենաները տրամադրվելու են անհատույց օգտագործման իրավունքով.
  2. ավելացված արժեքի հարկ վճարող համարվող հարկ վճարողների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարվելու է ամբողջությամբ և միանվագ.
  3. մնացած բոլոր հարկ վճարողների կողմից /որոնց համար պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը/  հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարվելու է ամբողջությամբ և միանվագ կամ, հարկ վճարողի ցանկությամբ՝ 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով` ամսական համամասնությամբ:

Առկա են դեպքեր, երբ նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման նպատակով հարկ վճարողների կողմից գումարներ են վճարվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ մինչև վերը նշված ընթացակարգերի սահմանումը գործած իրավակարգավորումներին համապատասխան:

Կատարված վճարումների դիմաց նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ հարկ վճարողներին չեն տրամադրվել: Վճարումներ կատարած և հսկիչ դրամարկղային մեքենաներ չստացած վերը նշված հարկ վճարողներին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը տեղեկացնում է.

  1. Այն հարկ վճարողները, որոնք ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ սահմանված կարգին համապատասխան իրավասու են ստանալ հսկիչ-դրամարկղային մեքենա անհատույց օգտագործման իրավունքով (սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողները), կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ վճարված գումարները հետ ստանալու համար.
  2. Այն հարկ վճարողները, որոնք ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ սահմանված կարգին համապատասխան հսկիչ-դրամարկղային մեքենայի գինը վճարելու են ամբողջությամբ և միանվագ կամ տարաժամկետ վճարումներով, հսկիչ-դրամարկղային մեքենայի գինը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի կողմից սահմանվելուց հետո, եթե կպարզվի, որ առկա է վերջիններիս կողմից պակաս վճարված գումար, հսկիչ-դրամարկղային մեքենա ձեռք բերելու նպատակով պետք է կատարեն լրացուցիչ վճարում (տարաժամկետ վճարում կատարելու իրավասություն ունեցող անձանց դեպքում՝ վերը նշված որոշման համաձայն վերջիններիս հետ կնքվող տարաժամկետ վճարումներով պայմանագրերով սահմանված ժամկետներում), իսկ ավել վճարված գումարի առկայության դեպքում կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ գումարը հետ ստանալու համար:

Միաժամանակ տեղեկացվում է, որ անկախ վերոնշյալից՝ այն հարկ վճարողները որոնք «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կատարել են վճարումներ և չեն ստացել հսկիչ-դրամարկղային մեքենաներ՝ կարող են  դիմել  «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝  իրենց կողմից վճարված գումարները հետ ստանալու համար: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս