loader
ՊԵԿ. Օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը

ՊԵԿ. Օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը

Սերժ Սարգսյանը Պետական եկամուտների կոմիտեի առջև հստակ խնդիր է դրել՝ տնտեսությունում գործարքների ամբողջական փաստաթղթավորում ապահովել:  

«ՀՀ նախագահի  հանձնարարականի համաձայն, հետևողական միջոցառումներ ենք  իրականացնելու բիզնեսի բոլոր շղթաներում՝ ձեռքբերումների և իրացումների մասով սահմանված կարգով փաստաթղթաշրջանառությունը 100 տոկոսով ապահովելու ուղղությամբ»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:

Դրական գնահատելով ՊԵԿ-ի 2017 թվականի գործունեությունը, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս կոմիտեում աշխատանքային հանդիպման ժամանակ հանձնարարել է  բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակել հարկային վարչարարության բարելավմանն ուղղված միջոցառումները և հետևողական քայլեր ձեռնարկել Հայաստանում օրինակելի բիզնես միջավայրի ապահովման ուղղությամբ:

«ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է հնարավորինս լայնածավալ երկխոսություն վարել բիզնեսի հետ, որպեսզի տնտեսվարողների համար հասկանալի լինեն ՊԵԿ պահանջները, վարքագիծն ու քաղաքականությունը, մյուս կողմից՝ հստակ իմանան իրենց անելիքները»,-ասել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ հունվարի 17-ից համակարգում մեկնարկել են ոլորտային հանդիպումներ: Ինչպես և նախորդ տարի, հարկ վճարողներին ներկայացվում են ոլորտի ընդհանուր ռիսկերն ու դրանց նվազեցման քայլերը: Առաջին հանդիպումը առողջապահության  ներկայացուցիչների հետ էր: Նրանց դիտարկմամբ՝ երկխոսությունը հնարավորություն է տալիս ոլորտի պատասխանատուների հետ գործընկերային մթնոլորտում անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները:

Օրինապահ հարկ վճարողների համար վարչարարության պարզեցման և առավել բարենպաստ պայմանների ապահովման նպատակով նախատեսվում է գործարկել հորիզոնական մոնիթորինգի համակարգը:

«Բոլոր այն հարկ վճարողներն, ովքեր իրենց ֆինանսատնտեսական գործունեության տվյալներն առցանց հասանելի կդարձնեն ՊԵԿ-ին, չեն ներառվի բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներում և ընթացիկ հսկողական աշխատանքներում՝ որակվելով ոչ ռիսկային: Իսկ օրինապահ տնտեսվարողների նկատմամբ աշխատանքները սահմանափակվում են անլուր դիտարկմամբ»,-պարզաբանել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:

Ոլորտային հանդիպումները շարունակվում են տնտեսության մյուս ճյուղերի ներկայացուցիչների հետ:    

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս