loader
Ստացվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէների լաբորատոր փորձաքննության արդյունքները. նոր մանրամասներ՝ երեքամյա երեխայի մահվան դեպքից

Ստացվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէների լաբորատոր փորձաքննության արդյունքները. նոր մանրամասներ՝ երեքամյա երեխայի մահվան դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ մանկապարտեզի երեքամյա սանի մահվան պատճառները պարզելու համար։ Ստացվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) լաբորատոր փորձաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ խախտումներ չեն հայտնաբերվել: Այս մասին տեղեկացվում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեխայի մահվան վերաբերյալ ահազանգն ստացվել էր 2019թ. մարտի 4-ին: Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք սրտի կանգով տեղափոխվել էր Երևան քաղաքի՝ 2015 թվականին ծնված աղջիկ երեխա:

Նախնական տվյալներով՝ 3-ամյա երեխան մանկապարտեզում ճաշից հետո պառկել է քնելու, րոպեներ անց սկսել է խռխռալ, և երբ դաստիարակը մոտեցել է նրան, նկատել է փսխած զանգված, իսկ երեխան նրա կանչին չի արձագանքել:

Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով, որը նույն օրն ընդունվել ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ: Երեքամյա երեխան ճանաչվել է տուժող, իսկ նրա հայրը՝ տուժողի իրավահաջորդ:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են  մանկապարտեզի մի խումբ աշխատակիցներ, տուժողի իրավահաջորդը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում մանկապարտեզի ննջասենյակից՝ մահճակալի վրայից, հայտնաբերվել և վերցվել է երեխայի անկողնու սավանը, որի վրա առկա է եղել փսխման զանգվածը:

Փորձաքննություն կատարելու նպատակով ԱՑԽՄ-ի (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) վերաբերյալ լվացուկներ են վերցվել դաստիրակի, դաստիրակի օգնականի, խոհարարի հագուստներից և ձեռքերից: Վարույթն իրականացնող մարմինն ստացել է ԱՑԽՄ-ի հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց՝ խախտումներ չեն հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Բացի այդ, փորձանմուշներ են վերցվել նաև խմելու ջրից, երեխայի մահճակալից ու ճաշասենյակից, խոհանոցից փորձանմուշներ են վերցվել դեպքի օրը՝ 2019թ. մարտի 4-ին, մանկապարտեզի երեխաներին մատուցած ճաշացանկից, որը նույն օրը հանձնվել է ՀՀ ԿԵ ՍԱՏՄ Երևանի կենտրոնին:

Առգրավվել են նաև երեխայի զգեստապահարանում առկա, վերջինիս պատկանող հագուստները:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատատոքսիկաքիմիական և դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:

Նախաքննությունը շարունակվում է: 

Միջոցներ են ձեռնարկվում՝ երեխայի մահվան հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Փորձաքննությունների եզրակացություններն ստանալուց հետո, ապացույցների համակցությամբ, կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, որոնց վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս