loader
Վարչապետ. Մեխանիզմներ մշակել գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատելու ուղղությամբ

Վարչապետ. Մեխանիզմներ մշակել գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատելու ուղղությամբ

«Այս տարի առաջին կարկտահարությունը եղել է մայիսի 8-ին, տուժել են Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզի համայնքները, ընդհանուր վնասված տարածքը կազմել է մոտ 350 հեկտար, և վնասի չափը 20-80 տոկոս է կազմել, որոշ տեղերում՝ 50-90 տոկոս», - այսօր կառավարության նիստում հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ե՞րբ կունենանք վնասի ֆինանսական գնահատականը, նախարարն արձագանքեց, որ մեկ շաբաթից:

Փաշինյանը նշեց հետևյալը.

«Կարող ենք արձանագրել, որ հակակարկտային էֆեկտիվ սիստեմ այսօր Հայաստանում չունենք, և սա լուրջ պրոբլեմ է: Երկար ժամանակ ասվում էր, որ այս ոլորտում լուրջ փոփոխություններ պետք է տեղի ունենան, բայց այդ փոփոխությունները չեն եղել, և պետք է հասկանալ, թե ինչն է պատճառը, որ գյուղացիական տնտեսությունները լայնածավալ կերպով չեն օգտվում հակակարկտային ցանցեր օգտվելու հնարավորությունից:

Կարելի է կռահել, որ պատճառները ֆինանսական են, մենք լրջագույն խնդիր ունենք գյուղատնտեսական վարկերի հետ, քանի որ գյուղացիների վրա հսկայական վարկային բեռ կա, որն ավելի է ծանրացել տույժ-տուգանքներով»,- ասաց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ այդ հարցով երեկ քննարկում է ունեցել Կենտրոնական բանկի նախագահի հետ և խնդրեց առաջիկայում մեխանիզմներ մշակել, որ գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատեն, և որոշակի վարկային պատմության համաներման հարցը քննարկեն, որ մարդիկ վարկեր ստանալու հնարավորություն ունենան:

«Պարո՛ն Ջավադյան, հույս ունեմ, որ ակտիվ համագործակցություն կլինի համակարգող փոխվարչապետի հետ, որ այդ խնդրով կոնկրետ առաջարկներ ստանանք և փորձենք իրավիճակը հաղթահարել»,- ասաց Փաշինյանը:

Իր հերթին, գյուղնախարարը նշեց, որ 2015-ին կարկտահարությունից վնասների չափը կազմել է մոտ 8 մլրդ, 2016-ին՝ 33,2 միլիարդ դրամ, 2017-ին՝ 12,2 միլիարդ դրամ.

«Կարծում եմ՝ եթե վնասի կանխարգելման քաղաքականություն իրականացնենք, այս խնդրի առաջ չենք կանգնի»:

Վարչապետն էլ նկատեց, որ  պետք է հակակարկտային ցանցերը լայնորեն կիրառվեն, նաև կոչ արեց մտածել հակակարկտային ցանցերի արտադրությունը ժամ առաջ սկսելու ուղղությամբ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս