loader
Վերանորոգվել է Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց հատվածը

Վերանորոգվել է Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց հատվածը

Ավարտվել են Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հրամանով ստեղծվել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողով, որի անդամները մանրամասն դիտարկել են կատարված աշխատանքները։

Ճանապարհահատվածը վերականգնվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսականնշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է: 

Ճանապարհահատվածի 1,3 կմ-ն անցնում է Արարատի մարզի Աբովյան, իսկ մոտ 200 մետրը՝ Արևշատ համայնքներով։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերությունը։ 

Կապալառու կազմակերպությունը վերականգնել է հողային պաստառը, ճանապարհային պատվածքը, փոխվել են ջրագծերը, տեղադրվել են ճանապարհային նշաններ և անվտանգության այլ էլեմենտներ, կատարվել են այլ աշխատանքներ։ 

Արևշատ գյուղական համայնքի ղեկավար Գոգոլ Նիկոլյանը նկատում է, որ համայնքում խորհրդային տարիներից ի վեր ճանապարհի վերականգնման աշխատանքներ չէին իրականացվել։ Կատարված աշխատանքների շնորհիվ համայնքի բնակիչների կյանքն ավելի բարեկեցիկ է դարձել, կարողանում են հեշտությամբ կապվել գլխավոր ճանապարհների հետ։ 

Աբովյան գյուղական համայնքի ղեկավար Ավետիք Հարությունյանը նշեց, որ իրենց համայնքի համար սա պատմական իրադարձություն է։ «Ամիսներ շարունակ համայնքի բնակիչները համագործակցել են շինարարների հետ, երբեմն էլ նախատեսվածից ավելին ենք խնդրել, շինարարներն աջակցել, արել են։ Շատ գոհ ենք կատարված աշխատանքների որակից։ Ավելի քան 30 տարի այստեղ ասֆալտապատման աշխատանքներ չէին կատարվել, ճանապարհները քանդված էին, մեքենաները շարքից դուրս էին գալիս, մարդիկ չէին կարողանում իրենց բերքը շուկաներ հասցնել, ուղևորատար տրանսպորտի հարցը չէինք կարողանում լուծել։ Հիմա արդեն բոլոր այս խնդիրները լուծվում են։ Այսինքն՝ ծրագրի անվանումը համապատասխանում է բովանդակությանը. այն ունի կենսական նշանակություն համայնքի համար»,- նշեց համայնքապետը։ 

Ճանապարհաշինական աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող «Տեքնիտալ» ընկերության խմբի ղեկավար Ֆրանչեսկո Բերտինին, խոսելով կատարված աշխատանքների որակի մասին, հավաստեց, որ ճանապարհի կառուցման ընթացքում բոլոր փուլերն անցել են՝ ենթարկվելով լաբորատոր փորձարկումների։ Եվ հաշվի առնելով, որ բոլոր թեստերը ցույց են տվել դրական արդյունքներ, պարոն Բերտինին նշեց, որ աշխատանքները կատարվել են բարձր որակով։ 

Նշենք, որ ճանապարհն ընդունումից հետո մեկ տարի շարունակ կգտնվի երաշխիքային սպասարկման փուլում, և այդ ընթացքում հայտնաբերված թերությունները կապալառու կազմակերպությունը պարտավոր է վերացնել իր միջոցների հաշվին։ 

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս