loader
Զաքարյան. Որոշակի քանակությամբ սպառազինություն և տեխնիկա ենթակա է ոչնչացման

Զաքարյան. Որոշակի քանակությամբ սպառազինություն և տեխնիկա ենթակա է ոչնչացման

ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը: 

Հիմնական զեկուցող ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանի խոսքով՝ համաձայնագրի շրջանակներում նախատեսված առաջին ծրագրի արժեքը 1.5 մլն եվրո է, որի միջոցով նախատեսվում է ՀՀ-ում պիտանելիությունից դուրս եկած ՊՆ սպառազինության, ռազմական տեխնիկայի ապառազմականացման, ապամոնտաժման, ինչպես նաև ականների վերաբերյալ իրազեկման և կրթական ծրագրի իրականացում:

Զաքարյանի խոսքով, ՊՆ-ում առկա է որոշակի քանակությամբ սպառազինություն և տեխնիկա, որն այս պահին ենթակա է ոչնչացման կամ կրճատման:

«Դրանք իրականացնելու համար կան որոշակի դժվարություններ՝ կապված ֆինանսների հետ: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ 2013-ին ի հայտ է եկել ծրագրի իրականացման գաղափարը, որը, սակայն, ձգձգվել է, որովհետև ՆԱՏՕ անդամ որևէ երկիր չի ստանձնել դրա ֆինանսավորումը: Բանակցությունների արդյունքում Գերմանիան համաձայնել է տրամադրել միջոցներ և ղեկավարել Վստահության հիմնադրամը՝ ի նշան հայ-գերմանական բարձր մակարդակի հարաբերությունների», - նշեց փոխնախարարը:

ՊՆ փոխնախարարի խոսքով՝ համաձայնագրի իրականացման արդյունքում ոչնչացվելու է պիտանելիությունից դուրս եկած 140 միավոր ԶՈւ տեխնիկա ու 21 միավոր զրահապատ մարտական մեքենա, իսկ արդյունքում առաջացած մետաղի ջարդոնը վաճառվելու է, իսկ ստացված միջոցները, որը նախնական հաշվարկներով կազմելու է 100.000 եվրո, ուղղվելու է ՀՀ-ում ականային վտանգների իրազեկման ծրագրի իրականացմանը:

Լուսինե Առաքելյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս