loader
1991-ին է Արցախի տարածքը 5000 քառակուսի կիլոմետր կազմել. Դավիթ Բաբայան

1991-ին է Արցախի տարածքը 5000 քառակուսի կիլոմետր կազմել. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետությունը 5000 քառակուսի կիլոմետր տարածք եղել է 1991 թվականին: Հիմա Արցախի տարածքը 11,5 հազար քառակուսի կիլոմետր է: Հայաստան 24-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով երեկ Հ1-ի եթերում տեղի ունեցած հեռուստաբանավեճի ժամանակ ՀՅԴ առաջին համարի՝ Արմեն Ռուստամյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ Արցախի տարածքը 5100 կիլոմետր է:

«Եվ ունենք տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Շահումյանի շրջանը, Գետաշենի շրջանը, Մարտակերտի և Մարտունու որոշ հատվածներ: Ես չգիտեմ՝ նրա ասած այդ թիվը վերաբերում է 1991 թվականին, թե առհասարակ: Այդ 5000-5,5 հազարը եղել է 1991 թվականին: Երբ ստեղծվեց Արցախը, Գետաշենի ենթաշրջանը նույնպես դարձավ մարզ: Ադրբեջանը հիմա այդ շրջանը հայաթափել է, բայց դա չի նշանակում, որ քաղաքական և իրավական տեսանկյունից տարածքներն Արցախի մաս չեն»,- փաստեց Բաբայանը:

Վերջինս կարևորեց այն հանգամանքը, որ բոլոր քաղաքական ուժերի համար Արցախի հուսալի ապագան հրամայական է: Իսկ ինչ վերաբերում է տարածքներին, Արցախի նախագահի մամուլի խոսնակը պարզաբանեց. «Մենք հենց այնպես չենք ասում, որ կարգավորման համար ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն աշխարհում ամենաբարդագույններից մեկն է: Այստեղ մենք ունենք ոչ միայն կարգավիճակի հարց և ինքնորոշման խնդիրը չի առնչվում միմիայն կարգավիճակին, այստեղ կտրուկ փոխվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը՝ սահմանները, ինչը, բնականաբար, չի կարող իր ազդեցությունը չունենալ կարգավորման վրա: ԼՂՀ-ն ձևավորվել է 3 սուբյեկտների միաձուլմամբ՝ եղել է նախկին ԼՂԻՄ-ը՝ Շահումյանի շրջան, Գետաշենի ենթաշրջան ԼՂԻՄ-ը: Այն ժամանակ դա մոտ 5,5 հազար կիլոմետր էր: Հակամարտության ժամանակ որոշ տարածքներ օկուպացվեցին՝ հայթափվեցին Գետաշենի ենթաշրջանը, Մարտունաշենը, Բուզլուխը, Մարտակերտի շրջանի մի մասը, Շահումյանի շրջանը: Մենք էլ ազատագրեցինք այլ տարածքներ, հետևաբար հիմա ունենք այլ կոնֆիգուրացիա: Դրա համար մենք չունենք տարածքների խնդիր, այլ ունենք սահմանների հարց, որոնք պետք է հստակեցվեն»:

Ըստ նրա՝ սահմանների հարցը չպետք է դիտարկել միայն Ադրբեջանի պահանջների ներքո:

«Եթե դիտարկում ենք սահմանների հարցը, պետք է դիտարկենք Հյուսիսային Արցախը՝ սկսած Գետաշենից, Չարդախլուից»,- եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս