loader
Աղետի գոտին՝ արժեհամակարգի փլատակների տակ

Աղետի գոտին՝ արժեհամակարգի փլատակների տակ

ԵՐԲ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Հայաստանում բոլոր դեկտեմբերի 7-երն իրար նման են։ Բարձրաստիճան պաշտոնյաներն անպայման այցելում են աղետի գոտի, տեսախցիկների առջև խոստանում, որ մեկ-երկու տարի հետո «աղետի գոտի» հասկացությունը վերանալու է (սրա հեղինակային իրավունքը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին), երեկոյան բոլոր հեռուստաալիքներն անպայման «Հին օրերի երգը» կամ «Եռանկյունին» են ցուցադրում, և վերջ։ Աղետի գոտին մոռացվում է՝ մինչև հաջորդ դեկտեմբերի 7-ը (եթե, իհարկե, այդ ընթացքում ընտրություններ չեն լինում)։

Փաստն այն է, որ երկրաշարժից 29 տարի անց հազարավոր մարդիկ դեռ տնակներում են ապրում, իսկ աղետի գոտու ցանկացած հիշատակում նույն արձագանքն է ստանում՝ «հիմա ամբողջ Հայաստանն է աղետի գոտի»։ Եվ դա իսկապես շատ դիպուկ բնորոշում է։ Հետո՞ ինչ, որ շենքերը միայն երկրի հյուսիսում են փլվել։ Աղետի գոտին մինչև հիմա փլատակների մեջ է, որովհետև միայն շենքերը չէ, որ փլվել են, մարդկանց արժեհամակարգն է փլվել։ Ընդ որում՝ ամբողջ երկրում։ Եթե դա չլիներ՝ փլված շենքերը մի քանի տարում կվերականգնվեին։

Խաթարված արժեհամակարգի պատճառով է, որ կեպկան գլխին ու «գժի թուղթը» գրպանում ինչ-որ մեկը, որ տարիներ շարունակ Գյումրիի քաղաքապետն էր ու իր բիզնեսներից բացի ոչնչով չէր զբաղվում (բացի, իհարկե, խաչակնքելուց՝ ամեն անգամ, երբ որդին որևէ մեկի վրա կրակում էր), այսօր իրեն թույլ է տալիս լալահառաչ ձևակերպումներով խոսել գյումրեցիների անունից, ու որևէ մեկը նրա բերանը չի փակում։ Նույն խաթարված արժեհամակարգի պատճառով է, որ նրան փոխարինում է մեկը, ում ճակատին արդեն ազատ տեղ չկա նոր կուսակցության անուն գրելու համար։ Խաթարված արժեհամակարգն է պատճառը, որ լրատվամիջոցները հուզաթաթավ ռեպորտաժներ են պատրաստում «մեծահարուստ պատգամավորի հոր» չտեսնված-չլսված բարեգործության մասին՝ մարդը, հասկանում եք, տնակում ապրող մի ընտանիքի համար 3 սենյականոց բնակարան է գնել։ Խնդիրն այն չէ, որ այդ կարգի բնակարանների շուկայական գինն առավելագույնը մի 14-15 հազար դոլար է, ընդ որում «մեծահարուստ պատգամավորի հայրը» միայնակ չի գնել բնակարանը, այլ «կիսովի»՝ արտասահմանցի բարեգործի հետ։ Բարեգործությունը մնում է բարեգործություն, կարող էր դա է՛լ չանել։ Խնդիրն այն է, որ եթե նրա «մեծահարուստ պատգամավոր որդին» դրա փոխարեն հարկերը նորմալ վճարի՝ Գյումրիում երևի հնարավոր կլինի մի ամբողջ թաղամաս կառուցել։ Բայց՝ չէ, հարկեր վճարելը մեզանում «հարիֆության» նշան է ու հարգանք չի առաջացնում։ Բարեգործությունը՝ ուրիշ. հուզված մարդկանցով, տեսախցիկներով, Սրբազանով-բանով...

Բարեգործությամբ աղետի գոտի չեն վերականգնում։ Բարեգործությամբ շատ-շատ կարելի է հրդեհի պատճառով տուն-տեղ կորցրած մի երկու ընտանիք ոտքի կանգնեցնել, իսկ աղետի գոտին պիտի պետությունը ոտքի կանգնեցնի։ Կասեք՝ չկա՞ պետություն։ Ճիշտ է, չկա։ Որովհետև «մեծահարուստ պատգամավորին» ու նրա նմաններին եք ձայն տվել։ Բա ձայն տալուց առաջ կրծքանշանին նայեիք, հիշեիք, որ այդ կուսակցության «անփոխարինելի առաջնորդը» Սերժ Սարգսյանն է, ու գուցե նույնիսկ կարողանայիք բացահայտել տրամաբանական պարզ շղթան՝ աղետի գոտին փլատակների մեջ է, որովհետև բյուջեն դատարկ է, բյուջեն դատարկ է, որովհետև «մեծահարուստ պատգամավորները» հարկերը թաքցնում են, հարկեր թաքցնողները բացառապես Սերժ Սարգսյանի շրջապատում են և դա անում են բացառապես նրա գիտությամբ և հովանավորությամբ, իսկ Սերժ Սարգսյանը այդպիսի լծակներ ունի, որովհետև «մեծահարուստ պատգամավորներին» ձայն տալով՝ Սերժ Սարգսյանին եք ձայն տվել։

Շա՞տ բարդ շղթա էր, հնարավոր չէ՞ր հասկանալ։ Եթե հնարավոր չէր՝ ուրեմն աղետի գոտին ևս 29 տարի համարյա նույն վիճակում է մնալու, որովհետև հնարավոր չէ ունենալ ճաքեր տված արժեհամակարգ և սիրուն-սիրուն շենքեր։ Հաջորդ 29 տարիների ընթացքում գուցե ևս 29 ընտանիքի բախտը բերի, գուցե նույնիսկ ոչ թե 29, այլ 290 ընտանիք բարեգործության ենթարկվի, բայց մյուսները, միևնույն է, կամ արտագաղթելու են, կամ համակերպվելու են այն մտքի հետ, որ իշխանություններն իրենց մասին հիշում են միայն տարին մեկ՝ «Հին օրերի երգը» կամ «Եռանկյունին» ցուցադրելով։

Մարկ Նշանյան

«Չորրորդ Իշխանություն»

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս